Երեկ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի ցուցապաստառները ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ մի փոքր փոփոխության էին ենթարկվել, «խմբագրվել» էին: Օրերս ԱԺ Դեմիրճյան փողոցում նա պատգամավորներին դիմավորում էր մի պաստառով, որտեղ կրիմինալի, օլիգարխիայի ներկայացուցիչների շարքում կար նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը: Այդ օրը Վարդգես Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ իրեն մոտեցել են մի քանի ԲՀԿ-ականններ եւ դժգոհություն հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի շարքերում է՝ ըստ ցուցապաստառի: Իսկ երեկ արդեն նրա լուսանկարները հանվել էին: Որպես «գողական խուժան, կրիմինալ եւ օլիգարխ» մնացել էին Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Վարդան Այվազյանի լուսանկարները:
Երեկ մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը ոնց որ դուրս է եկել Ձեր ցուցապաստառներից, ինչո՞ւ, ինչով է դա պայմանավորված՝ Վարդգես Գասպարին այսպես բացատրեց. «Այո: Շատ պարզ: Լեւոն Զուրաբյանը ինձ հորդորեց, որ ներկա պահին պետքը չի: Ես էլ, որպես ՀԱԿ-ի անդամ, նաեւ իր վստահված անձ, իր հորդորը լսեցի»: Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ Դուք ազատ քաղաքացի եք եւ Ձեր կարծիքն արտահայտելու իրավունք ունեք, Գասպարին պատասխանեց. «Այո, համաձայն եմ, բայց նաեւ՝ ՀԱԿ-ի անդամ»: Մեր դիտարկմանը, որ ենթարկվեցիք Լեւոն Զուրաբյանին՝ նա պատասխանեց. «Չենթարկվեցի, ընդունեցի իր հորդորը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարողանա ինձ ենթարկեցնել»: Մենք հետաքրքրվեցինք, թե նրա կարծիքը Գագիկ Ծառուկյանի մասին այնուամենայնիվ, մնում է նո՞ւյնը՝ Վարդգես Գասպարին ասաց, որ՝ այո:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ