Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ Դավիթ Սանասարյանի ՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցի քննությունը: Ռ. Հայրապետյանի պաշտպանները հայցվորի իրավապաշտպան Մհեր Արշակյանի լիազորությունները չճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին՝ հիմնավորելով, որ ներկայացուցիչը պատշաճ ձեւակերպված լիազորություն չունի: Դատարանը նախնական նիստը հետաձգեց դեկտեմբերի 6-ին ՝ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու համար:
Պարոն Հայրապետյանի պաշտպանները նույն միջնորդությունն են ներկայացրել նաեւ Դավիթ Սանասարյանի գործով, ում պաշտպանը եւս Մհեր Արշակյանն էր: Այս գործով այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը՝ չեղյալ համարելով նրա լիազորությունները: «Նշել ենք, որ պարբերական բնույթի նման ծառայություններ կարող են մատուցել միայն փաստաբանները: Պայմանագիր ըստ էության, Արշակյանը չունի, բայց լիազորությունների հետ կապված հարցը դրա հետ կապված չէ, նա փաստաբան չէ»,- լրագրողներին ասաց պատասխանող կողմի պաշտպան Կարեն Պետրոսյանը:
Դ. Սանասարյանն էլ պնդեց, որ պահանջում է հերքել կամ ներողություն խնդրել իր ասածների համար: Նա ասաց, որ գոնե իր գործով չպետք է մերժեին նրա լիազորությունները, որովհետեւ առաջին հայցն իրենն է եղել ու մյուս գործերից Արշակյանը հրաժարվել էր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հայցը վերաբերում է Nouvelle d’Armenie ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որով , ըստ տիկին Խառատյանի եւ Դ. Սանասարյանի, նա վիրավորել է իրենց արժանապատվությունը, պատիվն ու գործարար համբավը: Մյուս նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ