Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ամենավատ «ուզողներն» իտալացիք են, մյուսներն ավելի լավ առաջարկ են անում

Նոյեմբեր 22,2012 17:22

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ամբողջությամբ չի վաճառվում, որոշակի մասնաբաժին է վաճառքի հանված, իսկ գնորդներ, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ շատ-շատ են: Թե հատկապես ովքեր են ազգային փոխադրողի «ուզողները» եւ դրանց մեջ կա՞ն ռուսներ, Նանա Ավետիսովան ասաց, որ ոչ, բայց կան տարբեր ընկերություններ ու տարբեր ազգեր.«Մեզ համար ամենակարեւորը, որ առաջարկությունների փաթեթն այնպիսին լինի, որ գործարքը կնքելուց հետո, Հայաստանի համար որպես գործընկեր էլ ձեռնտու լինի տվյալ ընկերությունը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այս պահին լավագույն առաջարկն անում, տիկին Ավետիսովան չասաց, պատճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է եւ առաջին հերթին նրանց բացահայտելը դուր չի գա գնելու հայտ ներկայացրած ընկերություններին: «Արմավիայի» մամուլի քարտուղարն ասաց նաեւ, որ գնորդների մեջ կա նաեւ իտալական ընկերություն, որի առաջարակած ծրագիրն ամենավատն է եղած առաջարկությունների մեջ:

Մեր այն հարցին էլ, արդյոք պարտքներն են պատճառը, որ ազգային ավիափոխադրողի բաժնեմասերը վաճառքի են հանվել, Նանա Ավետիսովան ասաց, որ դա սեփականատիրոջ` Միխայիլ Բաղդասարովի գործն է, իսկ մամուլի քարտուղարն իրավասու չէ նման հարցի պատասխանել:

Aravot.am-ի մյուս հարցին ի պատասխան, որ հայտարարությունները, թե` շա¯տ-շատ գնորդներ ունի «Արմավիան», արդյոք PR քայլ չէ՞ ընկերության կողմից, որպեսզի վաճառքի գինը բարձրացնեն, Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ «Արմավիան» այն ընկերությունն է, որ PR անելու կարիք չունի, վերջին տարիներին ընկերությունը լավ էլ զարգանում էր, տարբեր ուղղություններով նորանոր չվերթներ է բացել եւ այլն:

Մեր այն դիտարկմանն էլ, որ վերջին շրջանում «Արմավիան» մեծ պարտքեր էլ է կուտակել, ինչի արդյունքում «Զվարթնոցն» անգամ մի քանի անգամ արգելել է «Արմավիային» թռիչքներ իրականացնել՝ մինչեւ պարտքերը չմարի, ընկերության մամուլի քարտուղարն այսպես արձագանքեց. «Հետո ի՞նչ, դա ընթացիկ պարտքեր են, բոլորի մոտ էլ կան, նորմալ չվերթներ են իրականացվում, պարտքերն էլ աստիճանաբար մարվում են: Բոլորն էլ պարտքեր ունենում են, նույնիսկ ցանկացած ընտանիքում պարտքեր կան»:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ պայմաններով է վաճառվում «Արմավիան», ընկերության մամուլի քարտուղարը չմանրամասնեց, ասելով, որ դա եւս կոմերցիոն գաղտնիք է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930