Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական տնտեսագիտական համալսարանում կայացած՝ «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացման արարողությանը անդրադառնալով ՀՀ-ում աշխատատեղերի ապահովման խնդրին, նշել էր, թե հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»:
Այսինքն՝ ստացվում է, որ երկրում աշխատատեղեր կան, բայց աշխատողներ չկա՞ն:
Արդյոք պատկերն այսպիսի՞ն է հատկապես մազերում: Aravot.am-ի փոքրիկ հարցումը Սպիտակ քաղաքի բնակիչների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը կամ աշխատանք չունի, կամ վարձատրվում է շատ ցածր, կամ էլ ստիպված է մեկնել արտագնա աշխատանքի:
Կարդացեք նաև
Միջին տարիքի մի սպիտակցի մեկնաբանեց, թե ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ գործարան չկա: Իսկ վարչապետին սպիտակցիներն ասում են հետևյալը. «Դե թող վարչապետն էլ տեղավորի աշխատանքի: Դե թող տեղն ասի, որ ժողովուրդն իմանա: Միայն ասելով չէ»:
Մեկ այլ սպիտակցի էլ սրտնեղեց, թե «քաղաքում ջահելութուն չկա, մեծերն են մնացել, պարապ ամբողջ օրը հողերի հետ են քաշ գալիս: Երևի միակ քաղաքն է, որ ոչ մի աշխատատեղ չկա»:
Մի կին էլ հուսահատ ասաց, թե երբ դիմում է աշխատանքի համար, ասում են, որ «իր տարիքին հարմար աշխատանք չկա»:
Իսկ մեզ հետ զրուցած երիտասարդներից շատերը անգամ չեն էլ մտածում աշխատանքի մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ