«Ես ոչ միայն Սմբատ Այվազյանի հետ ունեմ լուրջ տարաձայնություններ, այլ նաեւ քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝
«1-ին լրատվականի» այսօր հրապարակած այն տեղեկության մասին, որ Սուրեն Աբրահամյանի և Սմբատ Այվազյանի միջև լուրջ տարաձայնություններ կան:
Սուրեն Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել իր տարաձայնությունները կուսակցության քաղխորհրդի անդամների հետ: «Ռաֆիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունները հետեւյալն են՝ ես բացատրում եմ Ռաֆայել Սերգեյիչին, որ աշնան թափված տերեւները պետք է աշնանը հավաքվեն, ինքը «բեյնը մտցրել է», որ չէ, պետք է գարունը հավաքվեն: Իսկ Սմբատ Այվազյանին տասը տարի է ասում եմ, որ քո՝ հրաշալի նարդի խաղալը պայմանավորված է զառով, ինքն էլ ասում է՝ չէ, իմ խաղաոճով: Այնպես որ, խիստ տարաձայնություններ ունենք մենք»,- հեգնեց պարոն Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են պատրաստվում հարթել այդ տարաձայնությունները: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների շեմին այդ բոլորը կհարթվեն: Հարցին՝ միասնական թեկնածուով ե՞ք հանդես գալու, ասաց. «Այո, այո»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ