Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան

Նոյեմբեր 22,2012 16:20

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի արտահերթ նիստի երեկվա տապալման փաստը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Ընդդիմադիրները կարծում են, որ խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «նախաձեռնողի սահմանած կարգով եւ ժամկետներում»։

Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները օգտվել էին իրենց իրավունքից՝ նախաձեռնել էին նիստը, եւ դրա տապալումը համարում են Սահմանադրության խախտում։

«Խնդիրը շատ պարզ է․ փոքրամասնությունը խոսելու իրավունք պետք է ունենա, եւ իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին։ Փաստորեն վեճը պառլամենտից, որտեղ կարելի էր հանգիստ անցկացնել եւ քաղաքակիրթ, գործնական խոսակցություն լիներ, երեկ տեղափոխեցին փողոց, վաղը կտեղափոխեն Սահմանադրական դատարան։ Իրենք իրենց սկզբունքներին հակասում են։ Հանդուրժողականության մասին, կոնստրուկտիվ լինելու մասին, քաղաքակիրթ լինելու մասին իրենց ասածները ապացուցում են, որ փուչ են», – ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ քաղաքական մեծամասնությունը Սահմանադրություն չի խախտել, ընդամենը օգտվել է իր իրավունքից՝ բոյկոտել է ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի նիստը։

«Սահմանադրական խախտում է, թե խախտում չի՝ դա Սահմանադրական դատարանը կորոշի, չնայած ես շատ լավ ուսումնասիրել եմ թե՛ Սահմանադրությունը, թե՛ Կանոնակարգ օրենքը։ Ընդամենը իմ մոտեցումն ասեմ, որ 70-րդ հոդվածը քվորումի մասին որեւէ դրույթ չի պարունակում։ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին քաղաքական պայքարի միջոցներից օգտվել։ Դրանցից մեկն էլ քաղաքական բոյկոտն է, եւ դա հարգելի է», – մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ Հայ ազգային կոնգրեսը միայն 7-ն ունի։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց՝ դիմելու են խորհրդարանի ոչ կոալիցիոն գործընկերներին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս քննարկում է այդ հնարավորությունը, իսկ Դաշնակցությունը ձեռնպահ է մնում Սահմանադրական դատարան դիմելու՝ Հայ ազգային կոնգրեսի որոշմանն արձագանքել, կարծելով, որ երեկվա նիստի տապալումը նախ պետք է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկան դարձնել։

Աստղիկ Բեդեւյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930