Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության տնօրենի եւ Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2006թ. մայիսին ԲԲ ընկերության տնօրենը եւ համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի մասնաշենքերից մեկը որպես ամբուլատորիա վերանորոգելու պատրվակով 4.2 մլն. դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման պայմանագիր են կնքել: Համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել նշված գումարը եւ փոխանցել հիշյալ ընկերության հաշվեհամարին:
Նախապատրաստված նյութերի համաձայն` որևէ աշխատանք չկատարելով, պաշտոնեական կեղծիքի եղանակով ընկերության տնօրենը եւ համայնքի նախկին ղեկավարը կազմել են աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրություն, իսկ կանխիկացված առանձնապես խոշոր չափերի 4.2 մլն. դրամը` յուրացրել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:
ՀՀ դատախազություն