Մոտ 110 բնակիչ ունեցող Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդի գյուղական դպրոց ընդամենը 8 երեխա է հաճախում: Գյուղացիների պատմելով` համայնքում երիտասարդ ընտանիքներ շատ քիչ են մնացել, եղածներն էլ հեռանում են գյուղից` աշխատանք ու զբաղմունք չունենալու պատճառով: Շատերը գյուղը լքել են Արցախյան գոյամարտի տարիներին, ուստի դպրոցահասակ երեխաները մեծ թիվ չեն կազմում այստեղ, եղածներն էլ խնդրի առջեւ են կանգնում 9-րդ դասարանն ավարտելուց հետո: Բանն այն է, որ քաղաքից 36 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի կրթօջախը 9-ամյա է, այն ավարտելուց հետո շրջանավարտները ստիպված են լինում Կապանի կամ մոտակա գյուղերի դպրոցներ տեղափոխվել` ուսումը շարունակելու նպատակով:
«Ծնողն իր երեխային տեղափոխում է քաղաք կամ մոտիկ գյուղեր: Ես ինքս իմ 2 երեխաներին 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխել եմ քաղաք, քրոջս տանն են մնացել եւ հաճախել Կապանի դպրոցներ, որից հետո բարձրագույն ուսումնական հաստատությունում են սովորել, այժմ էլ աշխատում են», – ասաց Ներքին Հանդ գյուղական դպրոցի աշխատակից Գալյա Գասպարյանն, ով արդեն 33 տարի է դասվար է աշխատում: Ասում է, որ եղել են ժամանակներ, երբ ցածր աշխատավարձով է աշխատել, բայց նվիրված է եղել իր աշխատանքին եւ երբեք չի ցանկացել թողնել իր գործն ու գյուղը:
Դասվար Անահիտ Ոսկանյանը Ներքին Հանդ գյուղի դպրոցում 10 տարի առաջ է աշխատանքի անցել, այն ժամանակ դպրոց սովորելու էին գալիս նաեւ ազատագրված տարածքում տեղակայված մոտակա գյուղերի երեխաները, սակայն ավելի հեռավոր գյուղ տեղափոխվելուց հետո նրանք այլեւս Ներքին Հանդ սովորելու չեն եկել, այժմ միայն գյուղի սակավաթիվ երեխաներն են հաճախում: Արփինե Հովհաննիսյանը գյուղի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Սրաշեն գյուղ` բարեկամի տուն եւ իր ուսումը շարունակում է Սրաշենի ավագ դպրոցում, շաբաթը մեկ անգամ էլ գյուղ է այցելում` իր ծնողներին տեսակցելու:
Ներքին Հանդի հիմնական դպրոցի տնօրեն Դոնարա Սողոմոնյանը ցավով է նշում, որ երեխաներ կան, ովքեր ավարտելուց հետո հնարավորություն չեն ունենում ուսումը շարունակելու քաղաքում կամ հարեւան գյուղերում, ստիպված մնում են գյուղում եւ ուսումը կիսատ թողնում: Տիկին Սողոմոնյանը միեւնույն ժամանակ հպարտանում է, որ այլ կրթօջախներ տեղափոխված իր դպրոցի շրջանավարտներն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, բուհեր են ընդունվում հիմնականում իրենց գիտելիքներով` առանց անհատական պարապմունքների: «Մեր դպրոցում այժմ 7 երեխա է սովորում: Դասացուցակն այնպես ենք կազմել, որ մեկ առանձին դասաժամ ենք հատկացնում մեկ երեխայի համար, չենք կոմպլեկտավորում ու ընդհանուր դասապրոցես չենք անցկացնում: Ուսուցիչը 45 րոպե անհատական աշխատում է մեկ երեխայի հետ: Վեց դասաժամ են պարապում մեր ուսուցիչները, բայց ամեն մի 45 րոպեանոց դասաժամի դիմաց վճարվում են ընդամենը 11 րոպեի համար: Քաղաքի դպրոցում աշխատող ուսուցիչը ստանում է 80-100 հազար դրամ, իսկ մեր դպրոցի ուսուցիչը` 41 հազար դրամ: Առաջին դասարան չենք ունեցել այս տարի, աշակերտ չունենք երկրորդ եւ երրորդ դասարաններում, եկող տարվա համար առաջին դասարան հաճախող 2 երեխա կա գյուղում, բայց չգիտենք գյուղի դպրոց կբերեն՞, թե՞ ոչ», – նշեց դպրոցի տնօրենը: Նա գտնում է, որ պետությունը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի սահմանամերձ, հեռավոր գյուղերին, այլապես Ներքին Հանդը եւ նմանատիպ շատ գյուղեր դատարկման, իսկ դպրոցները` փակման առջեւ կկանգնեն: Տարիներ է եղել, երբ ինքը գյուղի դպրոցը կանգուն պահելու համար ազատագրված տարածքների գյուղերից երեխաներին է համոզել դպրոց բերել, միջոցներ հայթայթել, տրանսպորտով տեղափոխելու հարցերը կարգավորել, սակայն ազատագրված տարածքների գյուղերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելուց հետո նրանք չեն ցանկացել Ներքին Հանդի դպրոց գալ:
«Մեր գյուղի երեխաները մեղավոր չեն, որ քաղաքից հեռու են գտնվում, ամեն ինչ անում ենք, որ իրենք լավ զգան այստեղ: Էքսկուրսիաներ ենք կազմակերպում դեպի Արցախ` Գանձասար, Շուշի նաեւ Տաթեւի վանք են տարել ու այդ ամենը հովանավորների, ուսուցիչների միջոցներով, երեխաներից ոչ մի դրամ չենք հավաքել: Ներքին Հանդի երեխաները մաքուր հոգու տեր մարդիկ են, մարդկային շատ մեծ արաժանիքների տեր անձնավորություններ, նրանք դեռ իմաց կտան իրենց մասին ապագայում», – հպարտությամբ ասաց գյուղի դպրոցի տնօրեն Դոնարա Սողոմոնյանը, ով ցանկանում է, որ սահմանամերձ գյուղերի երեխաներին խրախուսեն գյուղական դպրոցներ հաճախելու համար` գումարային կամ գրենական պիտույքների, հագուստի փոքրիկ փաթեթների տեսքով կամ այլ հնարավոր տարբերակներով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ