Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթեր քաղաքի «Քըմյունիթի» ցուցասրահում կբացվի «Թող լույս լինի» ցուցահանդեսը, որը Ուորչեսթերի ամենամյա լույսերի փառատոնի մի մասը կկազմի: Գրում է «Գոու լոքալ Ուորչեսթեր» պարբերականը:
Ցուցահանդեսին կներկայացվեն 9 արվեստագետների գործեր, այդ թվում՝ արմատներով հայ Էլեն Քլավելուի աշխատանքը, որը պատմել է «Թող լույս լինի» ցուցահանդեսին իր մասնակցության և իր ընտանիքի սարսափելի պատմության մասին.
«Իմ գործի մեջ կիրառել եմ թվային, անալոգային և լրատվական մեթոդներ: Ես իմ ընտանիքի պատմությունը սկսել եմ ուսումնասիրել մի քանի տարի առաջ, մասնավորապես Հայոց ցեղասպանության լռեցված և տատիս ընտանիքի պատմությունը: Ես հրապուրված եմ պատումի, պատմության և արվեստի խաչմերուկներով: Երևի դրա պատճառներից մեկն այն է, որ իմ առաջին անունը լույս է նշանակում, իսկ երկրորդը` բանալի: Պատմությունները բացելը և պատումների վրա լույս սփռելը կարծես իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից են դարձել», – ասել է Քլավելուն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ