Երևանը հարազատ է ոչ միայն երևանցնիների, այլ նաև մարզերում ապրող բնակչության համար, նրանք էլ երևանցիների հետ հավասար սիրում են ու կարոտում, դժգոհում են ու հիասթափվում քաղաքից: Այս անգամ մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ կփոխեր հայը Երևանում:
23- ամյա Աննան կնախընտրեր փոխել հենց քաղաքացիներին, մասնավորապես՝ թքող քաղաքացիներին, անդաստիարակ մայրերին… բայց այսքանով նա չսահմանափակվեց, և շարունակեց թվարկել. «Հասարակական վայրերի ինտերիերը կսարքեի ազգային, Դալմայի այգիները մեծ ազգային այգի կսարքեի, բոլոր գրառումներն էլ հայերեն կդարձնեի…»
18-ամյա Արմենն էլ կարծես շարունակեց Աննայի միտքն ասելով. «Կփոխեի մարդկանց ու իրենց դարդոտած դեմքերը, «լավ» տղերքին կվերացնեի, կքչացնեի էլիտար շենքերը, որոնք թեև բիզնես շահ են հետապնդում, բայց չեն արդարացնում իրենց, կբացեի ժամանցային վայրեր, որտեղ ամեն օր կկազմակերպվեին հետաքրքիր միջոցառումներ»:
«Կցանկանայի, չէ, շաաա՜տ կցանկանայի, որ ավելանային կանաչապատ տարածքները», – ասաց 20-ամյա Արևիկն ու ավելացրեց՝ առողջության մասին ընդհանրապես չեն մտածում, միայն մեկը մյուսի կողքին շենքեր կառուցեն ու վերջ:
23- ամյա Գոռն էլ մտածում է քանդակների ու գեղեցիկ ցայտաղբյուրների ավելացման մասին. «Երևանում կավելացնեի ցայտաղբյուրներն ու քանդակները, բայց կուզենայի տեսնել ոչ թե հանճարների, այլ ուղղակի, թեթև, ծիծաղելի քանդակներ», – նշում է նա:
«Նախ և առաջ պետք է քաղաքը մաքրել, հետո միայն մտածել որևէ բան փոխելու մասին, թե չէ ինչ էլ փոխես, միևնույն է, կեղտոտ քաղաքում ոչինչ չի երևա», – սա էլ 24-ամյա Լուսինեի կարծիքն է:
Տիգրանուհի Թասլակյան