Երկրորդ համաշխարհային պատերազմի երեք վետերաններ` երկու տղամարդ, մեկ կին, սենյակում կանգնած ու բաժակ են բարձրացնում կենաց ասելու համար: «Ի՞նչ ենք խմում», – հարցնում է նրանցից մեկը: «Հաղթանակի համար», – պատասխանում է երկրորդը: «Չէ, չէ, – ասում է առաջինը, – նկատի ունեմ` բաժակի մեջինն ի՞նչ է»: Գրում է «Դեյլի սթար» թերթը` նկարագրելով Թամարա Ստեփանյանի «Խարույկ» ֆիլմը:
Ռեժիսորները սիրում են իրենց տեսախցիկն ուղղել իրենց ծնողների և տատեր- պապերի վրա: Եզակի մտերմություն կա նման մոտեցմամբ վավերագրական ֆիլմ նկարելու մեջ, որը, կախված ռեժիսորի ընտրությունից, կարող է աշխատանքը լցնել ջերմ զրույցներով: Գրում է թերթը:
Նման մոտեցման մեջ կան նաև թերություններ: Ընտանեկան հարաբերությունները իրենց բնույթով և’ սահմանափակ են, և’ զգայուն: Եթե ռեժիսորը զգուշությամբ չաշխատի, կարող է անորոշ զգայուն լեզվով խաբել և օտարել հանդիսատեսին:
«Խարույկ» ֆիլմը Թամարայի առաջին վավերագրական ֆիլմն է, որը հանդիսատեսին չի խնայում: Այն կառուցված է ռեժիսորի մահացած տատի շուրջ, որի անունը նույնպես Թամարա էր (կամ Տոմա) և որից ընդամենը մի տեսողական հետք է մնացել` սև ու սպիտակ ժապավեն` նկարահանած սովետական տարիներին:
Թերթը գրում է, որ ֆիլմում երբեմն նուրբ հումոր է հայտնվում: Մի ծեր կնոջ, որը հիշողության հետ խնդիրներ ունի, ռեժիսորը հարցնում է մայիսի 9-ի հանդիպումների մասին, որին կինը պատասխանում է. «Ես չեմ կարողանում հիշել՝ ինչ էր տեղի ունենում: Կոնկրետ ինչ-որ բան ասա, որ կարողանամ հիշել»:
«Մայիսի 9-ի հանդիպումները», – հուշում է Ստեփանյանը:
«Ախ հա, դրանք երջանիկ օրեր էին»:
«Ե՞րբ»:
«Մայիսյան օրերը»:
«Ո՞ր օրերը»:
«Ասացի՞ր երբ էին այդ օրերը»:
«Մայիսի 9-ը»:
«Հա, 9-ը մայիսի»:
Ապա Ստեփանյանը հարցնում է, թե, արդյոք, նա Տոմայի ընկե՞րն էր:
«Այո, – վճռականորեն պատասխանում է կինը, – ես շատ ընկերասեր եմ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ