Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս գործարար. ՀՀ նախկին գլխավոր դատախազի որդին` Վիկտոր Տեր-Օսիպյանը 5 միլիոն դոլար է գողացել իրենից (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2012 15:18

Ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովից, որը Հայաստանում շինարարության ոլորտում ներդրում է կատարել, իր պնդման համաձայն՝ մոտ 5 միլիոն դոլար «գցել» ու գողացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին` Վիկտոր Տեր-Օսիպյանը: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում ասաց գործարարը եւ հավելեց, որ ներկայումս դատական գործընթացներ են ընթանում, սակայն դատարաններն անարդար որոշումներ են կայացրել: Ընդ որում, պարոն Կորեպանովի վստահեցմամբ, դատարանների` հօգուտ Վիկտոր Տեր-Օսիպյանի նման որոշումները կայացվում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրահանգով, քանի որ պարոն Մկրտումյանը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է Օսիպյանների ընտանիքի հետ. «Օրինակ` դատավոր Սամվել Թադեւոսյանը հարցնում է` ի՞նչ անենք, իրենք հայց են ներակայացրել: Կներեք, դուք դատավո՞ր եք, թե դատավորի օգնական: Ստացվում է այսօր Մկրտումյանն է հարց լուծողը»:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ ռուս գործարարի, դատարաններում, որտեղ իրենք գործը տանուլ են տալիս հաշվի չեն առնվում նույնիսկ բանկային փոխանցումները, որոնք փաստեր են, որ գործարարը միլիոնավոր դոլարներ է փոխանցել. «Ես ցույց եմ տալիս պայմանագրերը, ցույց եմ տալիս բանկային փոխանցումները,սակայն դատարանները որոշում են կայացնում, որ Վիկտորը ինձ գումար չպիտի տա: Դատարանները, տարբեր ատյանների, դեռ մի բան էլ ասում են, որ 900 հազար դոլար` տոկոսներով, պարտք եմ Վիկտորին: Մինչդեռ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պայմանագիր այդ գոմարի հետ կապված գոյություն չունի: Փաստորեն այդ 5 միլիոն դոլարը ես պիտի նվիրեմ Օսիպյանների ընտանիքին: Չեմ հասկանում, ինչո՞ւ են Հայաստանում այս կերպ վերաբերվում օտարերկրյա ներդրողներին, կամ բարեկամ ազգի հետ, այն դեպքում երբ պաշտոնական տվյալներով Հայաստանից մոտ 80 հազար հայ է մեկնում, իսկ ես գալիս եմ Հայաստան ու ներդրում կատարում: Հաշվի չեն առնում նաեւ, որ ներդրումները Հայաստանում մոտ 65%-ով նվազել են»:

Aravot.am-ի խնդրանքով ռուս գործարարը մանրամասնեց, թե կոնկրետ ինչպե՞ս է Վիկտոր Տեր-Օսիպյանը, ինչպես ինքն ասաց` «գցել» իրեն: Ալեքսեյ Կորեպանովի պատմելով` ինքը՝ Վիկտորի հետ մոտ 12 տարվա ընկերներ էին, եւ Վիկտորը ներկայացնելով հայաստանյան շինարարական ոլորտը բավականին գրավիչ ներդրումների համար, որոշել էին միասին ընկերություն ստեղծել: Ընդ որում, ընկերության անունն էլ իրենց երեխաների անվան առաջին տառերով էին կազմել` «ԱնՍուր ինվեստ»: Ռուս գործարարի ներկայացմամբ, թեեւ Վիկտոր Տեր-Օսպիպյանը գործընկեր էր համարվում,սակայն ոչ մի կոպեկի ներդրում չի կատարել, նա ընդամենը պետք է հետեւեր այստեղ ընկերության աշխատանքներին. «Մայրս քաղցկեղով հիվանդացավ, ես ստիպված մեկնեցի Ռուսաստան ու մոտ 2 տարի խնամում էի նրան:Այդ ընացքում Վիկտորին խնդրում էի ինձ ուղարկել գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը: Նա ինձ միշտ հավատացնում էր` գործերը լավ են, չանհանգստանամ, փաստաթղթերը կարգին են ու իր ձեռքի տակ են: Իսկ ես նրան վստահում էի, ինչպես Աստծուն եմ վստահում: Բայց…»:

Տե’ս տեսանյութը

Aravot.am-ի այն հարցին էլ, չե՞ն պատրաստվում դիմել Եվրոդատարան, ռուս գործարարն ասաց, որ առաջիկայում կզբաղվեն դրանով, բայց, գործարարի խոսքերով` վիրավորականն այն է, որ եթե մենք հաղթենք Եվրոդատարանում, իսկ ես վստահ եմ, որ կհաղթենք, այդ գումարները ոչ Վիկտորն է վճարելու, ոչ էլ Մկրտումյանը, այլ` շարքային հարկատուները: Ես չեմ հասկանում, մի՞թե Հայաստանի համար նման սկանդալները ձեռնտու են, ինչո՞ւ են այսօրվա օրով ապրում: Վերջերս էլ Սերժ Ազատիչը խորհրդակցություն անց կացրեց, նաեւ ինքը նշեց, որ դատարաններում ապօրինի որոշումներ են լինում եւ պետք է դրանց վերջը դրվի, բայց իրականում այդ երեւույթները շարունակվում են»: Գործարարի խոսքերով,առայժմ այս խնդիրը չեն բարձրացնի Ռուսաստանում, բայց միայն` առայժմ, իսկ եթե ռուսաստանյան լրատվամիջոցներով բարձրաձայնվի, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողներին «գցում են», ապա դա Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930