Այսօր ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպման հետ կապված Aravot.am-ի հարցին` թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից, «Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Եթե ուրիշ բան էլ չկարողանան անել, պետք է շուտ-շուտ հանդիպեն, որ իրար չհայհոյեն քաղաքական ուժերը: Մի քիչ որ իրար հետ շփվեն, գոնե այդ շփումները զերծ կպահեն նման բառապաշարով իրար հետ խոսելուց: Դաշնակցության պարագայում իրենք հայտարարել են, որ իրենց թեկնածուն պիտի բավարարի այս կամ այն չափանիշներին: Ես կարծում եմ, քանի որ «Ժառանգությունը» ասել է, որ ինքն ունի թեկնածու, որի հայտարարությունների զգալի մասը համընկնում են ՀՅԴ-ի հայտարարած ուղենիշների հետ, կարծում եմ, շատ լուրջ դաշտ կա` քննարկելու նախագահական ընտրություններում մեկ թեկնածուով հանդես գալու հարցը: Ինչով կավարտվի դա, չեմ կարող որեւէ կանխատեսում ներկայացնել, որովհետեւ տեղյակ չեմ, դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենան այդ խորհրդակցությունները: Բայց, համենայնդեպս, ՀՅԴ-ն, որը չի հայտարարել իր` թեկնածու ունենալու մասին, հայտարարել է ընդամենը ուղենիշներ ունենալու մասին, կարող է հիմք դառնալ, որ միգուցե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ունենան մեկ թեկնածու»:
Մենք ճշտեցինք` այսինքն, ՀՅԴ-ն, կարծում եք, պիտի պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն` նա պատասխանեց. «Ինչու ոչ: Եթե թեկնածու չունեն եւ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի նրանց բոլոր 7 կետերը բավարարել, իսկ ինչո՞ւ ոչ»:
Մեր դիտարկմանը, որ երեկ Վարդան Օսկանյանն էլ Աստված էր կանչում, որ միասնական թեկնածուով հանդես գան` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Աստծուն պետք չի կանչել, պետք է ուղղակի աշխատել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ