Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինաս Ավետիսյանի որդու վերաքննիչ բողոքը մերժվեց

Նոյեմբեր 22,2012 14:29

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան էր դիմել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը (լուսանկարում):

Նա բողոքարկում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հուլիսի 11-ի վճիռը: Հիշեցնենք, որ Արման Ավետիսյանը հայցով դիմել էր մարզի դատարան՝ ընդդեմ Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:

Դատարանը մերժել էր ճանաչված նկարչի որդու հայցը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (Դ. Խաչատրյանի, Ն. Տավարացյանի եւ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ) մերժեց Ա. Ավետիսյանի, նրա ներկայացուցիչ Անի Խլղաթյանի բողոքը: Դատարանը որոշեց նաեւ Ա. Ավետիսյանից բռնագանձել 60.000 դրամ՝ պետտուրքի գումարը:

Հիշեցնենք, ըստ բողքաբերի , 2011 թ. հունիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի կողմից «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ինտերնետային կայքում հրապարակվել են մի շարք հոդվածներ, մասնավորապես՝ «Ընտանեկան կապալին էին հարվածելու», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ, որ չեն ներվում» վերնագրերով, որոնցով Մինաս Ավետիսյանի «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարների տեղափոխումը որակվել է կամայական, անօրինական գործողություններ եւ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հասցեին հնչել են պատիվը եւ արժանապատվությունն արատավորող արտահայտություններ։

Ավետիսյանի կարծիքով, բացի իրականությանը չհամապատասխանող, «հանրության մեջ թյուրըմբռնում աոաջացնող զրպարտչական տեղեկատվությունից», տեղ էին գտել նաեւ իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորական արտահայտություններ, մասնավորապես՝ «Օրերս, արդարացնելով կառավարության որոշումը եւ որմնանկարների տեղափոխումը, որից, չենք կասկածում, Մինաս Ավետիսյանի որդին բավական ֆինանսական եկամուտ է ստացել»:Իսկ «Կան բաներ, որ չեն ներվում» հոդվածում ասվել էր. «Այս պատմությունը տեղի ունեցավ մի ստից պատճառով. Գյումրեցի արվեստագետներն ու մշակույթի գործիչները մտածել են, թե տղամարդու հետ գործ ունեն, վստահել են նրա խոսքին ու պահակներ չեն շարել նկարների պահեստարանի դարպասների մոտ, այլապես ոչինչ հանել չէին կարողանա գործարանի բակից»:

Ավետիսյանը պահանջել էր, որ Լեւոն Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձվի 2.000.000 ՀՀ դրամ, որից 500.000 ՀՀ դրամ՝ որպես Արման Ավետիսյանի հասցեին հնչած վիրավորանքի դիմաց հատուցում եւ 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես Արման Ավետիսյանի հասցեին հնչած զրպարտության դիմաց հատուցում, ինչպես նաեւ պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հատուցելու Արման Ավետիսյանին պատճառված նյութական վնասը՝ 200.000 ՀՀ դրամի չափով՝ կապված Արման Ավետիսյանի կողմից իրավունքների պաշտպանության համար կատարված ծախսերի հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930