«Կուսակցության ներսում ընթացող գործընթացներ են: Երեւի տեսել են, որ Ծառուկյանն ավելի մեծ շանսեր ունի, քան Օսկանյանը»,- Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում արձագանքելով լրագրողների այն դիտարկումներին, որ նախկինում
ԲՀԿ-ն կարծես Վարդան Օսկանյանին էր պատրաստում՝ որպես նախագահի թեկնածու, բայց հիմա, հստակ հայտարարություններ են հնչում, որ ԲՀԿ-ի թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա կասկած չունի, որ առաջադրման պարագայում «Գագիկ Ծառուկյանը կստանա որոշակի ձայներ», բայց աներկբայորեն մնում է այն կարծիքին, որ, միեւնույն է, առաջին տեղում լինելու է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը:
Արձագանքելով լրագրողներից մեկի մեկ այլ դիտարկմանն էլ, թե վերջին շրջանում Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներում ինչ-որ նեղացվածություն է նկատվում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել կամ խորանալ Օսկանյանի հոգեվիճակների մեջ. «Երեւի ակնկալիքներ ուներ, որոնք չեն արդարացել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ