Լրահոս
Օրվա լրահոսը

ArmComedy. Զանգեք Ձեր բջջային օպերատորին եւ մուննաթ եկեք վատ ինտերնետի համար (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2012 13:57

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի ամփոփիչ միջոցառումը: «Կանաչաստան» հ/կ-ի, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված փառատոնի հաղթող է ճանաչվել ArmComedy ստեղծագործական թիմի կողմից ներկայացված «Գիշերային ձայնավաճառ» տեսահոլովակը, որն ուղղված է պայքարել  ընտրությունների ընթացքում ձայների գնման երեւույթի դեմ:

ArmComedy հեռուստահաղորդման հեղինակ եւ հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ասաց, որ սոցիալական գովազդն այն հիմնական վիդեոարտադրանքն է, որով մեկնարկել են իրենց գործունեությունը. «Ամեն ինչ սկսվեց Նարեկենց տանը, երբ բջջային հեռախոսներով մեկ րոպեանոց սոցիալական գովազդներ էինք նկարում: Ետեւում վարագույր էին կախում եւ ասում` զանգեք Ձեր բջջային օպերատորին եւ մուննաթ եկեք, որ ինտերնետը վատն է: Հիմա արդյունքները տեսնում եք` մեր երկրում ինտերնետը զարգացել է, ինչին օգնել է նաեւ սոցիալական գովազդը»:

Նարեկ Մարգարյանն էլ կես-կատակ, կես-լուրջ ասաց, թե բջջային հեռախոսներից արդեն անցել են պրոֆեսիոնալ տեսախցիկների:

Սերգեյի խոսքով. «Փառատոնը խթան է սոցիալական գովազդի նոր ալիք բարձրացնելու համար: Սոցիալական խնդիրների քանակը չի նվազել: Մոտ ժամանակներս կփորձենք նոր հոլովակներ նկարել»:

«Կանաչաստան» հ/կ նախագահ Տիգրան Ճորոխյանը նշեց, որ փառատոնը ոչ միայն նպաստեց Հայաստանում սոցիալական գովազդի արմատավորմանը, այլեւ քաղաքացիական ակտիվության հարթակ հանդիսացավ երիտասարդների համար. «Փառատոնը միավորեց ընդգծված քաղաքացիական բնույթի գործողություններ կատարող շատ մարդկանց: Մեր հիմնական նպատակն էր` քաղաքացիական կրթության միջոցով սոցիալական գովազդ ձեւավորել եւ հասցնել այն հանրությանը: Փառատոնի ընթացքում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել է 90-ից ավելի դիմորդ: Կարեւոր  է այն հանգամանքը, որ մեծ թվով կամավորներ իրենց փորձագիտական հմտությունները եւ գիտելիքները փոխանցեցին երիտասարդներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930