Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը պատրաստ է քննարկել բոլոր խելամիտ առաջարկները

Նոյեմբեր 22,2012 13:50

«Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ: Նրանք բացառապես տղամարդիկ են: 104-ից միայն երկուսն են ոչ ՀՀ քաղաքացի»,- «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով հրավիրված համաժողովի ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ նրա` ցմահ դատապարտյալները պահվում են փակ տիպի քրեակատարողական հիմնարկներում` խիստ ռեժիմով: «Բանտախցերը միատեսակ են, գտնվում են բավարար սանիտարահիգիենիկ վիճակում: Ինչպես մյուս դատապարտյալները, ցմահ ազատազրկվածները ևս օրական երեք անգամ սնունդ են ստանում, բայց դրանից որպես կանոն չեն օգտվում: Ուտում են հարազատների բերած սնունդը կամ պահանջում են սնունդն իրենց տալ հում վիճակում, որպեսզի իրենք պատրաստեն»,- նշեց Կ. Անդրեասյանը:

Պաշտպանն առանձնացրեց ցմահ դատապարտյալների մի քանի խնդիրներ. «Յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ ցմահ ազատազրկվածները հնարավորություն ունեն օգտվել 20 րոպե տևողությամբ հեռախոսազանգերից: Սակայն դատապարտյալները պնդում են, որ հեռախոսազանգի տևողությունը չի հասնում 20 րոպեի»:

Պաշտպանի խոսքով՝ ադմինիստրացիան դա պատճառաբանել է մեկ հեռախոսի առկայությամբ: Դատապարտյալները նաև օրական մեկ ժամ զբոսանքի, ամենշաբաթյա լոգանքի, ամեն ամիս մինչև 70 կգ ծանրոցներ ստանալու, տարեկան մեկ երկարատև և երեք կարճաժամկետ տեսակցություն ունենալու իրավունք ունեն: Պաշտպանի խոսքով` բանտարկյալները խնդրում են փոխել «մերձավոր ազգական» հասկացության շրջանակը: «Դատապարտյալների մեջ կան մարդիկ, ովքեր ամուսնացած չեն ու ընկերուհու կամ այլ մարդու հետ, ով իր մերձավոր հարազատը չէ, հանդիպելու իրավունք չունեն: Այս առումով օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա»,- նշեց Կ. Անդրեասյան: Համաժողովի ընթացքում նա ներկայացրեց նաև օրենսդրական այլ առաջարկություններ, որոնցով ՄԻՊ-ը պատրաստվում է հանդես գալ:

Առաջին առաջարկը վերաբերում է տարիքային ցենզին:

104 ցմահ դատապարտյալներից 19-ը ազատազրկվել է զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: «Մինչդեռ օրինակ Ավստրիայում և Շվեդիայում, եթե հանցանքը կատարելու պահին անձի 21 տարին լրացած չի եղել, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ»:

Կ. Անդրեասյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում պետք է փոփոխություն կատարվի և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից 21 բարձրացվի:

Հաջորդ խնդիրը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանների շեմին:

Առաջարկվում է այն դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը` հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը, արարքի ծանրության աստիճանը: Պաշտպանի խոսքով` խնդիներ կան` կապված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թ մայիսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի հետ:

«Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ որոշակի ժամկետով ազատարզկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի` նախկինում գործող 15 տարվա փոխարեն: Տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, եթե դատապարտվեին Քրեական օրենսգքրի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա նրանցից որոշների համար որպես պատիժ կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել, այլ սահմանվեր ասենք 17, 18 տարի»,- նշեց Կ. Անդրեասյանը, ավելացնելով, որ ցմահ ազատազրկվածների դեպքում օրենքի դրույթի այդ փոփոխությունը մեղմացնող է և պետք է հետադարձ ուժ ունենա, մինչդեռ 97 ցմահ դատապարտվածներ օրենսդրական այդ փոփոխությունների հիմքով 2011 թ դիմել են դատարան, սակայն հոդվածների համապատասխանությունից հետո պատժաչափերը մնացել են անփոփոխ:

Օրենսդրական վերջին խնդիրն ըստ Կ. Անդրեասյանի` վերաբերում է ցմահ դատապարտվածների ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգին:

«Փակից պետք է անցում կատարել կիսափակի, հետո նաև կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում»,- նշեց Պաշտպանը:

Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով` ներկայացվող առաջարկները վերաբերում են ճկուն մեխանիզմներին: «Դրանցով հնարավոր կլինի ուղղել դատապարտյալներին ու վերադարձնել հասարակություն: Ես կցանկանայի այնպիսի ճկուն մեխանիզմներ ունենայինք, որ այլ երկրները մեր փորձը վերցնեին և կիրառեին»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ. Ռևազյանը: Ըստ նրա` այդ ճկուն մեխանիզմների համար համապատասխան ռեսուրսներ ունենք, չունենք կամքի արտահայտում:

Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը հանրային սեկտորից ակնկալում է արդյունավետ աշխատանքներ ու հստակ առաջարկներ: «Եղել են հստակ առաջարկներ, նախարարությունն էլ դրանց վերաբերյալ արտահայտել է իր դիրքորոշումը: Տարիքային ցենզի հետ կապված առաջարկի առումով պայմանավորվածություն ունենք. դրանք պետք է լրացուցիչ քննարկվեն: Նախարարությունը պատրաստ է քննարկել բոլոր խելամիտ առաջարկները»,- նշեց Ն. Առուստամյանը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930