«Հայաստանում ընտրական գործընթացները միշտ էլ բուռն են եղել: Իսկ այս, գալիք ընտրությունները աննախադեպ են լինելու մեզ համար, նրանով, որ Հայաստանը ճակատագրական պահեր է ապրում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում առկա խնդիրներով»,- այսօր նախընտրական իրարանցումների մասին խոսելիս «Ելակետ» ակումբում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Բանախոսի ձեւակերպմամբ՝ Հայաստանը ճգնաժամային պահեր է ապրում, իրավիճակներ են սրվել Հայաստանի շուրջ, օրինակ՝ Ռուսաստանում ակտիվացել է ադրբեջանական հզոր կառույցը՝ Ռուսաստանի ադրբեջանցիների միությունը: Հայաստան-Ռուսաստան, կամ՝ Ռուսաստան- Վրաստան հարաբերությունները բուռն զարգացում են ապրում, իսկ Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստում, որպեսզի մոբիլիզացնի ուժերը:
Որն է հարցերի հարցը, եւ ինչ կարող է լինել նախահագական ընտրություններից հետո, Մանուչարյանը հետեւյալ կարծիքին է. «Մարտի 1»-ը կարող է ծաղիկներ, ճնճղուկներ դառնալ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, հավանական զարգացումների համեմատ: Մենք կարող ենք կանգնել 1920 թվականին ստեղծված իրավիճակի առջեւ»
Կարդացեք նաև
Կուսակցությունների գործելաոճից խոսելիս էլ, նշեց. «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գործում ու խաղում են արտաքին ուժերի պարտադրանքով եւ ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որ Հայաստանը ճիշտ գործի: Այս գործընթացներում մեծ դեր է կատարում Ռուսաստանը: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու քննարկումներին ես ծանոթ եմ: Բայց այդ ամենը պետք է այլ ուժերի կողմից առաջարկվեր, ոչ թե ԲՀԿ-ի, մյուս կողմից՝ այսօրվա Ռուսաստանին այնպիսի թույլ մրցակից, ինչպիսին Հայաստանն է, պետք չէ»:
Ռուսաստանին ուժեղ խաղացողներ են պետք, համոզված է Մանուչարյանը, ըստ որի, անկախ նրանից, թե ՀԱԿ-ԲՀԿ-ի շուրջ ինչ ուժ կձեւավորվի, միեւնույն է, լուրջ ուժ արդեն կա. «Այս բալանսն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն այլ խաղացողներ չփնտրի: Բացի այդ, այս բալանսը ներքին ցնցումների վտանգ է պարունակում, այն դեպքում, եթե չկարողանանք այն ճիշտ ուղղորդել»:
Եվա Հակոբյան