Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Նոյեմբեր 22,2012 13:32

«Գիրքը միշտ գլխի տակին կքներ, վեր կելներ»

Արթուրը՝ սիրած աղջկա հետ:

Արթուրի տատն ու պապը:

Արթուր Աղաբաբյանին հայրենի գյուղում հիշում են որպես լավ սովորող, միշտ գրքեր կարդացող, մարդկանց օգնության հասնող ու շատ գեղեցիկ երիտասարդի:

Արթուր Աղաբաբյանը ծնվել է 1992թ. փետրվարի 15-ին՝ Արծվաբերդում: Ծնողների ամուսնալուծվելու պատճառով մանկությունն անց է կացրել իր տատիկի ու պապիկի մոտ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Դպրոց հաճախել է Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում, որտեղ մայրն է աշխատել:

«Իրանք սեփական տուն չեն ունեցել, որ իրանց տեղաշորումը քնեն։ Մոսկվայում քեռու տանն են մնացել, այստեղ էլ մեր տանն են մնացել: Քե մատաղ, սեփականություն չի ունեցել: Եթե մենք մի բան առել ենք իր համար, ուզել է պատասխան տա, չի կարացել»,- հիշում է Արթուրի տատիկը՝ Աիդան։

Մովսես գյուղում բոլորը գիտեին, որ Արթուրը շատ է սիրում գիրք կարդալ։ Չնայած հայերեն տառերը լավ չգիտեր, բայց, երբ արձակուրդներին գյուղում էր լինում, միշտ գնում էր գրադարան ու գրքեր վերցնում:

«Մի հատ խոզ ունենք, 12 գոճի ուներ, գիրքը վերցնում էր ու տանում էր խոզին արածացնելու: Գիրք շատ կսիրեր, «Վարդանանք»-ը, «Սամվել»-ը լրիվ կարդացել է: Պատմավեպեր էր կարդում: Գիրքը միշտ գլխի տակին կքներ, վեր կելներ»,– հիշում է պապիկը՝ 73-ամյա Ժորա Օհանյանը:

Արթուրի պապիկը համոզված է, որ թոռը կարող էր ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, քանի որ գերազանց էր սովորում դպրոցում, բայց մի տնից մյուս տուն գնալն ու անկայուն վիճակն անընդհատ խանգարում էին նրան:

«Ռազմագիտությունից մեդալներ էր ստացել ավտոմատ հավաքելու համար: Շատ հայրենասեր էր մեր թոռը՝ Հայաստանի դրոշը միշտ հետն էր ման տալիս, ուր էլ գնում էր, նկարվում էր դրոշի հետ»,- պատմում է պապիկը:

Տատիկն էլ հիշում է, որ Արթուրը միշտ օգնում էր մարդկանց. «Որ մի հատ մարդ ա եղել, կին ա եղել, որ ծանրոցը ձեռին եղել ա, ձեռիցը վերցրել ա տարել տուն, օգնել: Իր համար միայն շնորհակալություն ենք լսել»։

Այն, որ գյուղի ժողովուրդը սիրել է Արթուրին, երեւացել է նաեւ նրան բանակ ճանապարհելիս. տան ամբողջ երկայնքով սեղան է դրվել, կենացներ ու բարեմաղթանքներ են հնչել, քեֆ-ուրախություն է եղել:

Բանակում ծառայելու ժամանակ գրեթե ամեն օր զանգում էր տատիկին՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղարկած ուտելիքների ու հագուստի համար: Ասում էր, որ տատիկի ուղարկած գուլպաներն այնքան շատ են, որ ընկերներին էլ է տալիս:

«Ինքը լավ սիրած աղջիկ ուներ, նկարը ծոցը ման էր տալիս: Շատ սիրուն ձեռագիր ուներ ու նամակներ էր գրում այդ աղջկան, ով թաթար էր ազգությամբ: Մենք էլ ասում էինք, որ, եթե այդ աղջիկը մինչեւ բանակի վերջ սպասի, թաթար լինի, ինչ լինի, ուզելու ենք»,- պատմում է պապիկը՝ ցույց տալով թոռան սիրելիի նկարները:

Արթուրը հաճախ էր խոսում ընտանիք կազմելու մասին՝ ասելով, որ ինքը լավ ընտանիք է ունենալու, լավ հայր է դառնալու։ «Չէր սիրում, որ ջղայնացած խոսան, ասում էր, որ ինքն իր երեխաների վրա չի ջղայնանալու ու լավ է պահելու: Էդ ջերմությունն ինքն ընտանիքում չէր ստացել ու ուզում էր իր ընտանիքին տալ: Ասել էր մամային՝ բանակից կգամ, կմիանանք իմ հոր հետ, կաշխատենք ու կապրենք»,- պատմում է տատիկը։

Արթուրի տատիկն ու պապիկը կարոտով են հիշում իրենց թոռանն ու խնամքով պահում նրա իրերը, որոնց մեջ հատուկ տեղ ունի Հայաստանի եռագույն դրոշը, որից նա անբաժան էր:

Արթուր Աղաբաբյանը զոհվեց 2011թ. մարտի 10-ին, Մարտունի քաղաքում՝ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: Նա 20 տարեկան էր:

 

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը: Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ ceasefire.am@ gmail.com կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է Բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930