ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում բացահայտել էր կոռուպցիոն ռիսկեր, որոնք համատարած բնույթ են կրում: Մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է անհապաղ եւ հստակ միջոցառումներ իրականացնել ոլորտում առկա կոռուպցիոն դրսեւորումները վերացնելու համար:
Այն, որ կառավարությունը կարծես թե որոշել է իսկապես մաքրել այս ոլորտը, երեւաց առաջին՝ զգաստացնող քայլերից. անմիջապես աշխատանքից ազատվեց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանը, նրան հետեւեց նաեւ հոգեբուժական մասնագիտացված հանձնաժողովի նախագահ Եղիսաբեթ Սարգսյանի պաշտոնանկությունը:
Անինքնասեր չեմ,
Կարդացեք նաև
որ կաշառք տամ
Ալավերդցի Սուսաննա Սիմոնյանը մի քանի ամիս լրատվական միջոցներով ահազանգում էր անարդարության մասին, որին հանդիպել էր Դաունի համախտանիշով չորսամյա թոռնուհու հաշմանդամության կարգը թարմացնելիս: Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը՝ Արման Դաղբաշյանը, դեռ մայիսին հրաժարվել էր հաստատել երեխայի հաշմանդամությունը՝ նշելով, թե հիվանդությունը փաստող նոր թղթեր են պետք: Այսպես, յոթ ամիս ընտանիքը զրկվել է երեխայի հաշմանդամության թոշակից. «Դաղբաշյանն ասաց, թե գնա Երեւան կամ Վանաձոր, նոր փաստաթղթեր բեր,- պատմում է տիկին Սուսաննան,- բայց եթե գենետիկ անալիզը հաստատել է երեխայի հիվանդությունը, էլ ի՞նչ նոր թղթերի մասին է խոսքը»:
Սուսաննա Սիմոնյանը վստահ է՝ հանձնաժողովին նոր թղթերից ավելի գործարքի համար ակնկալվող գումարն էր հետաքրքիր. «Հանձնաժողովի նյարդաբանն ինձ ասում էր՝ տրանսպորտի վրա գումար ծախսելու փոխարեն, էդ փողը մեզ տու՛ր, գործդ գլուխ բերենք, բայց ես հո անինքնասեր չե՞մ, որ կաշառք տայի»:
Լրատվամիջոցների անդրադարձին արձագանքեց սոցիալական հարցերի նախարարությունը: Որոշումը փոխվեց. հաստատվեց, որ մինչեւ 18 տարին լրանալը երեխան հաշմանդամության կարգ կարող է ունենալ, թոշակն էլ վերականգնվեց: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ համակարգի նման ծառայողները պիտի պատժվեն, նախարար Արտեմ Ասատրյանն ասում է. «Այժմ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, եւ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընթացակարգերով կլինի պատիժ»:
ԲՍՓ հանձնաժողովի հետ կապված մի տհաճ պատմություն էլ Ալավերդու բնակիչ Սիրվարդ Բեկջանյանն է պատմում: Զարկերակային արյան ճնշում, սրտանոթային հիվանդություն, վարիկոզ, թրոմբ, չարորակ ուռուցք. հիվանդությունների այս շարանով Սիրվարդ Բեկջանյանը 5 տարի հաշմանդամության 2-րդ խումբ է ունեցել, մեկուկես տարի առաջ հերթական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի աչքին, սակայն, կինը առողջ է երեւացել, եւ նրան զրկել են հաշմանդամության կարգից էլ, 17 հազար դրամ թոշակից էլ: Այժմ այս որոշումը նույնպես քննում են դատական մարմինները: «Անձնագրիս մեջ 20 հազար դրամ էի դրել, արհամարհեց, ասաց՝ դո՛ւրս արի,- պատմում է Սիրվարդ Բեկջանյանը: -Դռան հետեւում մյուս հիվանդներն ասացին՝ մեկը 40 հազար է տվել, մյուսը՝ 60, երրորդն էլ՝ 80 հազար: Ես էդքան փող չունեի, որ տայի՝ կարգս հաստատեին»:
Ալավերդին, իհարկե, այս իմաստով հազվագյուտ վայր չէ, նման պատմությունները եզակի չեն ամբողջ հանրապետությունում: «Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի հետ: Սա հանդուժել չի կարելի,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից գնալ բացահայտված կոռուպցիոն դեպքերի հետքերով, վերջ դնել համակարգի բարձիթողի վիճակին:
Ինչ-որ բան փոխվե՞լ է…
«Բոլոր հանձնաժողովները խստագույնս զգուշացվել են իրենց աշխատանքները պատշաճ կազմակերպել,- ասում է նախարար Արտեմ Ասատրյանը:- Նրանք, ովքեր ի վիճակի չեն խաղի արդար կանոններով աշխատել, ուղղակի կհեռացվեն համակարգից»:
Վարչապետի վերահսկողական ծառայությունն առանձնացրել էր օրենսդրական հիմնական բացթողումը, որ կամայականությունների պատճառ էր. հանձնաժողովներն օժտված են անկախ փորձաքննության իրականացման հնարավորությամբ, որի անցկացումը, սակայն, թափանցիկ չի կարելի համարել՝ բարձր է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: ԲՍՓ գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Սիմոնյանն ասում է. «Գործելաոճը փոխվում է, առաջնակի փորձաքննությունն արդեն իրականացվում է բուժող բժշկի ներկայությամբ»:
Եվս մեկ օրենսդրական բացթողում. իրավական ակտերում հաշմանդամության կարգի ձեռքբերման հետ կապված կոնկրետ հիվանդություններ նշված չեն, եւ շատ հաճախ կարգ տրամադրելը, խումբ որոշելը հանձնաժողովի հայեցողությանն է մնում: Ինչպես Անուշ Սիմոնյանն է տեղեկացնում, արդեն մշակվում է իրավական մի ակտ, որը դրությունը հիմնովին կշտկի. «Այնտեղ կնշվեն հիվանդությունների դասակարգումները. աշխատանքային միատեսակություն կլինի, հանձնաժողովը կամայական որոշում կայացնելու հնարավորություն չի ունենա»:
Իսկ արդեն կայացրած սխալ որոշումը արդարացի ուղղում կունենա, վստահեցնում է նախարարը: Ստեղծվում է բողոքարկման եռաստիճան համակարգ. «Դա քաղաքացիներին թույլ կտա վստահ լինել, որ իրենց բողոքը քննվել է անկողմնակալ, ոչ այն մարմնում, որը կայացրել է որոշումը՝ ընդգրկելով նաեւ համապատասխան նեղ մասնագետների»:
Քանի դեռ համակարգում արատավոր երեւույթներն ամբողջությամբ արմատախիլ չեն արվել, կաշառքի յուրաքանչյուր պահանջ պետք է բարձրաձայնվի կոնկրետ անուններով, այլապես ստացվում է, որ խնդիրը կա, բոլորը գիտեն, բայց դրամաշորթությունը շրջում է ուրվականի պես…
ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Տնտեսական բարեփոխումների
վերլուծական- տեղեկատվական կենտրոն
Հ. Գ. Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրապարակում» հեռուստածրագիրը մանրադիտակի տակ է պահում խնդիրներ, բացեր, որ առկա են պետական կառավարման համակարգում: Հաղորդման հեղինակներն ակնկալում են ձեր պատմությունները, որոնց ընթացք տալով՝ կարելի է բարձրաձայնել կոնկրետ երեւույթներ: Հաղորդաշարը դիտեք նաեւ համացանցում՝ hraparakum.livejournal.com հասցեով, մեկնաբանե՛ք ու կիսե՛ք ձեր տեսակետները ֆեյսբուքյան էջում՝ facebook.com/hraparakum:
«Առավոտ» օրաթերթ