Բեմադրիչը ընդգծել էր պիեսի մեխը հանդիսացող օտարամոլության վնասները
Երաժշտական թատրոնը ազգի քաղաքակրթվածության ցուցանիշներից է: Այս առումով Երեւանի բախտը բերել է. օպերային թատրոնից բացի, ունենք Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Կամերային երաժշտական թատրոններ: Վերջին երկու թատրոններում երաժշտական նեկայացումները դեֆիցիտ են դարձել: Եթե Կոմեդիայի թատրոնում մոռացության են մատնվել դասական օպերետները, ապա Կամերային երաժշտականում՝ կամերային օպերաներն ու մյուզիքլները:
Համակարծիք լինելով մասնագետների այն մտահոգությանը, թե 1-2 բեմադրություններով ժանրային թատրոններ չեն պահում, փաստենք, որ վերջերս Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Արամ Սաթյանի երաժշտությամբ ու Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայով բեմադրվեց Շիրվանզադեի «Մորգանի խնամին»: 90 տարի առաջ գրված պիեսը արդիական է նաեւ այսօր: Այն խաղացվել է շատ վաղուց՝ Մայր թատրոնում, ապա Գյումրիում, Կոմեդիայի թատրոնում էլ ունեցել է երկու բեմադրություն:
Կարդացեք նաև
Ղազանչյանական ռեժիսուրայով բեմադրված «Մորգանի խնամին» թեեւ սյուժետային առումով նորություն չէ, սակայն շքեղ բեմանկարչությունը, թանկարժեք զգեստները (նկարիչ՝ Վահագն Թեւանյան), նվագախմբի ու երգչախմբի (թատրոնի գլխավոր դիրիժոր՝ Յուրի Դավթյան), բալետային խմբի (բալետմայստեր՝ Գագիկ Կարապետյան) բարձրարվեստ կատարումներն ու դերակատարների խաղը ստեղծում են վաղուց երազած օպերետային ճոխություն: Այս գնահատականը պրեմիերային ներկա մասնագետների, մասնավորաբար՝ թատերագետների խոսքն է, որոնք վերջին շրջանում հավատարիմ մնալով իրենց «երդմանը», ավելին չհայտնեցին, նույնիսկ խնդրեցին, որ չհրապարակվեն իրենց անունները: Ներկայացումից գոհ էր նաեւ հանդիսատեսը, ապացույցը՝ առողջ քննարկումները:
Ազգային դրամատուրգիային քաջատեղյակ Ղազանչյանը խորացրել էր հայտնի պիեսի քաղաքական ու հոգեբանական շերտերը, շեշտելով ընտրությունը ազգայինի ու օտարածինի միջեւ: Բեմադրիչը ընդգծել էր պիեսի մեխը հանդիսացող օտարամոլության վնասները, գլխավոր հերոսին էլ այնպես էր «խաղացրել», որ միանգամից աչքի է զարնում նրա նյութապես աղքատանալը, հոգու այլասերումն ու ծաղրի առարկա դառնալը:
Արտերկրյա արվեստագետների բնորոշմամբ՝ խստապահանջ մեր հանդիսատեսն էլ վոկալի նկատմամբ «չներկայացնելով» բարձր պահանջներ, տպավորված է Հովակ Գալոյանի (Մինթոեւ), Սաթենիկ Հախնազարյանի (Մագթաղինե), Անի Քոչարյանի (Նատաշա), Նարեկ Ներսիսյանի (Ժորժ) ու մյուսների խաղով:
Հարցին, թե ի՞նչ երաժշտական ներկայացում կհաջորդի «Մորգանի խնամուն», Կոմեդիայի թատրոնից տեղեկացրին, որ հեռանկարում Չուխաջյանի «Կարինեն» է, հավելելով, թե Երվանդ Ղազանչյանը վստահելով երիտասարդ բեմադրիչներին, նրանց ռեժիսուրայով պատրաստվում է Նորայր Ադալյանի «Լոմբարդ» եւ Սամվել Խալաթյանի «Խելակորույս, խելակորույս սեր» բեմադրությունները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ