Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ քաղաքը

Նոյեմբեր 22,2012 13:21

ՆԱՐԻՆԵ  ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը

Ստենդալի «Նապոլեոնը» կարդալուց հետո դստերս հետաքրքրում է ամեն ինչ Բոնապարտի մասին: Այն ամենը, ինչը Փարիզում առնչվում է Նապոլեոնին, դուստրս դիտում է թե գորովանքով, թե հիացմունքով: Հենց այդպես էր նա կանգնել Նապոլեոնի աճյունն ամփոփող մարմարե դագաղի մոտ՝ Հաշմանդամների տանը, ուր մենք այցելեցինք փարիզյան մեր ուղեւորության վերջին օրը՝ օդանավակայան մեկնելուց մի քանի ժամ առաջ: Մենք չէինք կարող այնտեղ չայցելել:

Լյուդովիկոս 14-րդը՝ Արեւ արքան, զինվորական ծառայության ունակությունը կորցրած վետերանների համար արժանապատիվ ծերություն ապահովելու նպատակով 1670 թ. սկսում է Հաշմանդամների տան կառուցումը, որն ավարտվում է 1706-ին: Այդ ընթացքում այնտեղ տեղավորվեցին 4000 վետերաններ: Այժմ էլ այն ծառայում է նույն նպատակին:  Հաշմանդամների տունը հայտնի է նաեւ իր ոսկեգմբեթ տաճարով. 1989թ. գմբեթը ոսկեպատվեց 12 կգ ոսկով: Հաշմանդամների տան պանթեոնում թաղված են Ֆրանսիայի ռազմական գործիչներ, նաեւ՝ Կլոդ դը Լիլը՝ «Մարսելիոզի» հեղինակը:

Աստիճանաբար Հաշմանդամների տունը սկսեց ձեռք բերել նաեւ թանգարանային նշանակություն: Լուվրից այստեղ տեղափոխվեցին ֆրանսիական քաղաքների ռելիեֆային քարտեզները, ձեւավորվեցին Բանակի եւ Հետեւակային թանգարանները, որոնք պատմում են ֆրանսիական բանակի ձեւավորման եւ զարգացման մասին: Թանգարանում ուշադրությունս գրավեց անվտանգության աշխատակիցներից մեկը՝ մի սեւամորթ աֆրիկացի, որը հսկում էր Ֆրանսիայի կողմից աֆրիկյան երկրների գաղութացմանը նվիրված սրահը: Փորձելով հասկանալ, թե աֆրիկացին ի՞նչ է զգում իր երկրի պատմության ճակատագրական փուլը ներկայացնող սրահը վերահսկելիս՝ անգլերենով հարցնում եմ՝ «Ա՞յս սրահն է նվիրված աֆրիկյան գաղութացմանը»: Աֆրիկացին ֆրանսերենով անվրդով պատասխանում է՝ Oui, Madam:

Հաշմանդամների տան դիտարժան սրահներից է Շարլ դը Գոլի թանգարանը, ուր բարձր տեխնոլոգիաները բացառիկ դեր են կատարում. աուդոգայդը միանում է առանց արտաքին հպման՝ ավտոմատ, այն մասում, ուր ոտք ես դնում, եւ  ներկայացնում է ցուցանմուշները, որոնցից մի քանիսը կարող ես ավտոմատ կառավարել: Ես ուշադրությամբ դիտում եմ Ֆրանսիայի նախկին նախագահ դը Գոլի կառավարման ժամանակահատվածի ֆրանսիական թերթերը: Թանգարանում դը Գոլի կյանքին եւ գործունեությանն առնչվող նյութերի զգալի մասը ներկայացված է պատմության զուգակցմամբ: Վավերագրական ֆիլմը պատմում է պատերազմի ընթացքում դաշնակից զորքերի, առանձնապես՝ ֆրանսիական բանակի մասին:

Եվրոպայում նկատեցի, որ թե գերմանացիները, թե ֆրանսիացիները ընդգծված հպարտությամբ էին ներկայացնում ռազմական արվեստը: Մինչդեռ մենք՝ հայերս, ռազմատենչ չերեւալու ահից աշխատում ենք չանդրադառնալ ռազմական գործին:

Փարիզում առավել շատ կարելի է հանդիպել Արեւ արքայի, Նապոլեոնի, Շարլ դը Գոլի հիշատակների հավերժացմանը: Դը Գոլի անունն է կրում Փարիզի ամենամեծ միջազգային օդանավակայանը: Ֆրանսիան մեծ ակնածանք է ցուցաբերում այս գործիչների հանդեպ, որոնց հետ երկիրն անցել է իր հաղթանակների ճանապարհը:

 

3. Aux grands hommes la partie reconnaissante

«Ֆրանսիայի մեծ մարդկանց հայրենիքը երախտապարտ է»

Փարիզյան մեր հնգօրյա ուղեւորությունը երկու առանձնահատկություն ուներ. հիանալ Փարիզով ու նրա թանգարաններով եւ հարգանքի տուրք մատուցել Ֆրանսիայի պատմությանը եւ ականավոր ֆրանսիացիներին:

Cardinal Lemoine մետրոյի կայարանից մոտ 100մ հեռավորության վրա, հանրահայտ Լատինական թաղամասում է «բոլոր աստվածների տաճարը»՝ Պանթեոնը՝ 52 մ բարձրությամբ, կառուցված ուշ կլասիցիզմի եւ գոթական ճարտարապետական ոճով, հունական պանթեոնի նմանությամբ: Շենքի վերնամասում  փորագրված է՝ Aux grands hommes la partie reconnaissante՝ «Ֆրանսիայի մեծ մարդկանց հայրենիքը երախտապարտ է»: Թե շենքի արտաքին տեսքը, թե այս գրառումը «նախապատրաստում են»  մուտքդ պանթեոն՝ հսկայական գմբեթով սյունազարդ այս բացառիկ կառույցը: Առաստաղին, պատերին Ֆրանսիայի պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող չորս նկարներ են:

1744թ. Լյուդովիկոս  15-րդը վարակվում է տենդով եւ խոստանում ապաքինվելու դեպքում եկեղեցի կառուցել: 1764-ին Սուֆֆլոյի ճարտարապետական նախագծով հին աբբայության՝ Սուրբ Ժենեեւների եկեղեցու տեղում սկսվում է տաճարի կառուցումը, որն ավարտվում է 1789 թ. Սուֆֆլոյի մահից հետո: Շուրջ 100 տարվա ընթացքում տաճարը մի քանի անգամ փոխել է իր դերն ու նշանակությունը՝ մերթ վերածվելով Փառքի տաճարի, մերթ՝ եկեղեցու: 1885թ. Վիկտոր Հյուգոյի մահից եւ տաճարում նրա հուղարկավորումից հետո այն վերջնականապես վերածվում է Ֆրանսիայի փառքը կերտող ականավոր մարդկանց պանթեոնի:

Այստեղ են ամփոփել Վոլտերի, Ռուսսոյի, Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի,  Սուֆֆլոյի, Էմիլ Զոլայի, Պիեռ եւ Մարի Կյուրինների, ֆրանսիացի ռազմական գործիչների աճյունները: Այստեղ է նաեւ հեղափոխության առաջնորդներից Օնորե Միրաբոյի շիրմաքարը, թեպետ հայտնի է, որ նրա մահից հետո, երբ Ժան Պոլ Մարատը պարզում է նրա երբեմնի կապը արքունիքի հետ, Միրաբոյի աճյունը հանվում է պանթեոնից: Ցուցանակը հուշում է, որ այստեղ է թաղված նաեւ Մարատը: Նապոլեոնից հետո մյուս ֆրանսիացին, ում մասին դուստրս ընդգծված հիացմունքով է խոսում, Մարատն է: Հասկանում եմ. փարիզյան ուղեւորությունից առաջ դուստրս ընթերցեց «Իմ Մարատի սիրտը» վեպը: Դուստրս, սակայն, այլ բացատրություն ունի. իրեն հետաքրքրում են մասշտաբային կերպարները եւ իրադարձությունները: Փարիզի պանթեոնում մենք փնտրում ենք Մարատի շիրիմը, սակայն չենք գտնում: Անվտանգության աշխատակիցը  պարզաբանում է՝ Մարատի աճյունն այստեղ չէ եւ մեղմ ժպտում է աղջկաս հիասթափությանն ի պատասխան: Նկատում եմ, որ բազմաթիվ այցելուներից հենց դուստրս էր փնտրում Մարատի աճյունը: Ես մտածում եմ, որ մարդիկ եւ վեհ գաղափարներն երբեք չեն մեռնում, այլ հառնում են ամեն անգամ նրանց հիշելիս կամ այդ գաղափարներով առաջնորդվելիս: Փարիզից հեռու փոքրիկ Հայաստանից ժամանած 17-ամյա մի աղջիկ պանթեոնի սառը, սպիտակ, ազդու պատերի ներսում փնտրում է դավադրաբար սպանված ֆրանսիացի հեղափոխականի աճյունը: Ֆրանսիացիները պանթեոն են գալիս փոքրիկների հետ, որոնց  պարզաբանումներ են տալիս այս կամ այն գործչի աճյունի մոտ: Փոքրիկ ֆրանսիացիները ուշադիր լսում են: Գուցե հենց այդպե՞ս են սովորեցնում հարգել սեփական երկիրը, պատմությունը, մեծություններին: Մինչդեռ մենք մեր մեծերի մասունքներն ամփոփող պանթեոնը շրջապատում ենք զվարճանքի վայրերով:

Ես երկար կանգնում եմ հատկապես Վոլտերի շիրմի առջեւ, ձեռքս ուզում եմ հպել նրա մահարձանին, սակայն արգելանքի սեւ պարանը փակել է ճանապարհս: Ֆրանսիական լուսավորչականության այս մեծ ներկայացուցիչն ինձ համար  ազատության, եվրոպական արժեքների խտացումն է:

Դուրս ենք գալիս պանթեոնից, դիմացը Սորբոնի համալսարանն է: Համալսարան չենք մտնում. պանթեոնի ազդեցությունը  դեռ մեծ է:

 

4. Ապակե

բուրգից ներքեւ

Լուվր այցելելն ինձ համար պիտի իսկական ծես լիներ. ես դրան երկար էի սպասել, սակայն երեկոյացող Փարիզում զբոսնելիս՝ Ռիվոլի փողոցում մեր առջեւ անսպասելիորեն բացվեց Լուվրի պալատը՝ ապակեպատ սպիտակ բուրգով, առջեւում՝ ձիու վրա հպարտ բազմած Արեւ արքայի արձանով, դիմացը՝ քարե դարպասով: Մայրամուտին Լուվրի սպիտակավուն  պալատը դեղնավուն էր թվում: Մյուս օրը երեքշաբթի էր. Լուվրի թանգարանը փակ էր: Թանգարանի երկար հերթերի մասին պատմությունները մտահոգիչ էին, ուստի չորեքշաբթի, առավոտյան 8:30 դուրս եկանք մետրոյի կայարանից, որից միանգամից մտնում ես ապակեպատ բուրգից ներս: Հերթն արդեն իսկ բազմամարդ էր, սակայն՝ ոչ հայկական: Քսան րոպե անց արդեն Նապոլեոնի սրահի՝ ապակեպատ բուրգի ներսում էինք, ուր մեկ այլ հերթ էլ կար՝ տոմսերի համար, սակայն լրագրողների եւ մինչեւ 18 տարեկանների համար մուտքն ազատ է:

Լուվրն առաջին անգամ հանրային ցուցադրության համար բացվել է 1793թ.  հեղափոխությունից հետո: Ներկայիս Լուվրի տեղում առաջին կառույցը միջնադարյան ամրոց էր, որը նախատեսված էր վիկինգների արշավանքներից պաշտպանվելու համար:  Ֆրանսիայի արքաների նախկին նստավայրում գործող Լուվրի թանգարանի տարածքը 160166քմ է, 300000 ցուցանմուշներից մշտապես ցուցադրվում է 35000-ը: Լուվրի պահոցները ձեւավորվեցին Ֆրանսիայի արքաների հավաքածուներով: Հիմնադրման ժամանակ Լուվրում կային 2500 նկարներ եւ քանդակներ: Հետագայում հավաքածուն համալրվեց նապոլեոնյան արշավանքների ժամանակ ձեռք բերած գործերով, ապա եւ՝ մեծաթիվ նվիրատվություններով: Թանգարանը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք ընդգրկում են հին քաղաքակրթություններից մինչեւ 1848 թ. գործերը:

Լուվրն աշխարհի՝ արվեստի ամենամեծ հավաքածուն ունեցող թանգարաններից եւ ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից է. միայն 2009 թ. այստեղ են այցելել 8.5 մլն մարդ: Այցելուների հսկայական հոսքերից մուտքերը բեռնաթափելու համար թեժ բանավեճերից հետո 1989 թ. այստեղ կառուցվում է 20.6մ բարձրությամբ ապակե բուրգը, որն այժմ ծառայում է որպես թանգարան տանող հիմնական մուտք:

Լուվրի հանրահայտ սրահը Դենոնն է. այն այդպես է կոչվել ի պատիվ թանգարանի առաջին տնօրենի: Սրահի համբավը նախեւառաջ պայմանավորված է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ կտավի՝ «Մոնա Լիզայի»՝ ցուցադրմամբ: Սլաքները ցույց են տալիս «Մոնա Լիզայի» տեղը, սակայն որքան մոտենում ենք, այնքան այն հեռանում է. «Մոնա Լիզան» աշխարհի ծայրում է՝ սրահի վերջնամասում: Որոշում ենք նախ դիտել այն, հետո միայն՝ այլ կտավները: Ես արագացնում եմ քայլերս, գրեթե վազում եմ Լուվրի հսկայական սրահում: Գիտեմ, որ «Ջոկոնդան» ոչ մի տեղ չի գնալու, սակայն վախենում եմ չկարողանամ մոտենալ: Դենոնի սրահի այն մասում, ուր «Ջոկոնդան» է, սոսկալի աղմուկ է, լուսանկարչական ապարատների չխչխկոցներ, մոտ տասը շարքով կանգնած զբոսաշրջիկներ, որոնք  դիտում են կտավը, որն արգելափակված է պարանով, եւ այն հնարավոր է դիտել միայն 2-3 մետր հեռավորությունից: Հասնում եմ առաջին շարք եւ ուղիղ նայում Մոնա Լիզային: Այն ամենը, ինչ գիտեմ կտավի մասին, միանգամայն ճշգրիտ է. բոլոր գեղարվեստական, գիտական, սիրողական վարկածները «Մոնա Լիզայի» մասին արդարացված են: Նկարում ամեն ինչ կարելի է գտնել: Սա, թերեւս, իմ ամենակարեւոր  եզրահանգումն է, թեպետ «Ջոկոնդան» ինձ վրա չթողեց սպասված տպավորությունը: Լուվրում այլ կտավներ ավելի մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա: Մենք նայում ենք մյուս հանրահայտ գործերը՝ անթեւ Վեներայի, մեկթեւանի Վիկտորյայի, Մարիամ Մագդաղինեի քանդակները, եգիպտական հանրահայտ Մեծ Սֆինքսի կրկնօրինակը: Բոլոր սրահներն անհնար է նայել՝ մտնում ենք քանդակների, Սուլլիի սրահները, եգիպտական թանգարանը եւ վերադառնում Դենոնի սրահ, ուր հիմնականում իտալական վերածննդի, ֆրանսիացի եւ արեւմտաեվրոպական այլ նկարիչների կտավներ են՝ Ռեմբրանդտ, Տիցիան, Դավիթ, Էլ Գրեկո, Ռուբենս, Գոյա, դա Վինչի, Ռաֆայել: Ընդունված է կարծել, որ մեծ արվեստը գեղագիտական հաճույք է պատճառում, սակայն դա քիչ է նրա ազդեցությունը նկարագրելու համար: Ես համոզված եմ՝ արվեստը կարող է բուժել՝ հաղորդելով իր աստվածային ուժը: Այն, ինչ տեսանք Լուվրում, վերադարձնում է հավատը մարդկության հանդեպ: Մոտ տասը ժամ գտնվելով Լուվրում՝ աղմուկի, մարդկանց հոսքի եւ պարզապես ոտքի վրա եւ քայլելով հսկայական տարածություն՝ դուրս ենք գալիս, հոգնած, բայց եւ՝ երջանիկ: Ես եղել եմ աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում՝ Էրմիտաժում, Չիկագոյի, Բոստոնի ազգային պատկերասրահներում, Վիեննայի Լիխտենշտեյնի թանգարանում, Դրեզդենի Ցվինգերում, հիմա նաեւ՝ Լուվրում, եւ դստերս պատգամում եմ, որ ինքն էլ իր զավակներին բերի այստեղ:

Դեռ քանի՜ միլիոն մարդ է առաջին անգամ տեսնելու Լուվրը, նրա հավաքածուն եւ երջանիկ զգալու այնպես, ինչպես ես: Եվ հիմա, այս հոդվածը գրելիս, ամբողջությամբ վերապրում եմ այն, ինչ զգում էի Լուվրում:  Լուվրն այն լավագույնն է, որ Փարիզը տվել է աշխարհին: Առնվազն դրա համար Փարիզին պետք է շնորհակալ լինել:

Փարիզ-Երեւան

Շարունակությունը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930