Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհատ տաքսու վարորդների հետ ԱՊՊԱ չեն կնքում

Նոյեմբեր 22,2012 13:15

Ապահովագրական ընկերությունները դա համարում են վնասաբեր գործ

Արդեն մեկ շաբաթ է՝ անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում կնքել ԱՊՊԱ պայմանագիր. եթե մինչ այս գոնե «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունն էր աշխատում անհատ տաքսիների հետ, ապա այժմ այս ընկերությունն էլ հրաժարվեց, քանի որ շուկայում անարդար իրավիճակում է հայտնվել եւ մեծ վնասներ է կրել: Բանն այն է, որ ինչ ներդրվել է ԱՊՊԱ համակարգը, գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում անհատ տաքսիների հետ «գործ բռնել» եւ մերժում են ապահովագրել՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, վնասները շատ կլինեն: Իսկ եթե անգամ ապահովագրում էլ են, ապա ոչ սովորական մեքենաների պես: Այս տաքսիների վարորդներին ապահովագրական ընկերություններն արդեն 2 տարի է՝ կամ մերժում են, կամ էլ առաջարկում ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի էժան է, այլ առավելագույնը 3 ամսով եւ անպայման անսահմանափակ վարորդներ դրույթով: Իսկ այս դեպքում ԱՊՊԱ պայմանագրի գինը մոտ 20% ավելանում է:

«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանն ասաց, որ տաքսու վարորդներին, որոնք դիմում են «Ռոսգոսստրախ Արմենիա», «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություններին, մերժում են, իսկ նրանք ովքեր կարողանում են էլի ծանոթ-բարեկամ, գտնել այս եւ մյուս ընկերություններում կարողանում են էժան ԱՊՊԱ կնքել: Էժանն էլ, ինչպես պարոն Դոստուրյանն ասաց, ոչ թե վարորդները սակարկում են կամ նրանց համար զեղչեր են անում, այլ օրենքով սահմանված արժեքն է. «Օրինակ՝ 80 ձիաուժանոց մեքենան, որն ամենատարածվածն է Հայաստանում, ըստ օրենքի՝ 1 տարվա ԱՊՊԱ-ն արժե 38 հազար դրամ: Սակայն քանի որ 1 տարով չեն անում եւ անսահմանափակ վարորդներ կետով են անում, անհատ տաքսու վրա 3 ամսով կնքած ԱՊՊԱ-ն նստում է 21 հազար դրամ: Փաստորեն 1 տարվա ընթացքում, եթե պետք է օրենքով վճարեն 38 հազար, էդ մարդիկ վճարում են 84 հազար դրամ: Ասում են՝ բա տաքսիները շատ ռիսկային են, վթարներ շատ են լինում, բայց վարորդներն ինչ մեղք ունեն, որ կառավարությունն է հենց այդ գինը որոշել: Անսահմանափակ վարորդների դեպքում էլ գինը բարձրանում է, ու ինչքան էլ վարորդն ասի, որ միայն ինքն է վարելու, հաշվի չեն առնում»:

Գեւորգ Դոստուրյանի ներկայացմամբ՝ «Սիլ ինշուրանսում» 3 ամսվա ԱՊՊԱ պայմանագիրը 12,600 դրամ է, բայց այս ընկերությունն էլ ի վիճակի չէ մյուս ապահովագրականներում մերժված վարորդների հետ պայմանագիր կնքել. «Հիմա վարորդները հայտնվել են անելանելի վիճակում, առանց ԱՊՊԱ կտրոնի եթե գործի դուրս գան՝ կտուգանվեն, «Գայիի» ի՞նչ պետքն ա, որ ապահովագրականները պայմանագիր չեն կնքում»:

Այս առնչությամբ «Առավոտը» գրավոր հարցում է ուղղել «Ռոսգոսստրախ Արմենիային», որը զբաղեցնում է շուկայի մեծ մասը, եւ «Նաիրի ինշուրանսին»: «Ռոսգոսստրախ Արմենիան» խոստացավ առաջիկայում պատասխանել, իսկ «Նաիրի ինշուրանսն» էլ մեր հարցմանը, թե ինչո՞ւ են խտրական վերաբերմունք ցուցաբերում անհատ տաքսիների վարորդների նկատմամբ, այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Ըստ այս ընկերության պարզաբանման՝ իրենք հոկտեմբերի 30-ին հարցի առնչությամբ նամակ են ստացել նաեւ Գեւորգ Դոստուրյանից, ում տրամադրվել են ընկերությունում գործող սակագները: Իսկ խտրական վերաբերմունքի մասին ոչ մի տող չկար գրված:

Մեզ հետ զրույցում «Սիլ ինշուրանսի» փոխտնօրեն Արսեն Հակոբյանն էլ ասաց, որ հենց սկզբից էլ հաշվի առնելով, որ տաքսիները ռիսկային գոտում են, այնուամենայնիվ, երբեք չեն մերժել, եւ սովորական մեքենաների պես իրենք էլ գործող սակագներով են աշխատել: Բայց քանի որ միայն իրենք էին աշխատում տաքսիների հետ, եւ շուկայում անհավասար ու անարդար իրավիճակ է ստեղծվել, որոշել են այլեւս ԱՊՊԱ պայմանագրեր չկնքել անհատ տաքսիների հետ: Պարոն Հակոբյանի խոսքերով՝ վերջերս վերլուծություն են կատարել եւ պարզել, որ անհատ տաքսիների դեպքում 260% վնասաբերությամբ են աշխատում: Ըստ փոխտնօրենի՝ «Մենք մինչ օրս ԱՊՊԱ պայմանագրեր կնքում էինք անհատ տաքսիստների հետ, քանի որ մտածում էինք, որ անհատն իր սեփական մեքենայով է աշխատում, ավելի զգույշ կաշխատի, եւ վթարներ էլ քիչ կլինեն, բայց երբ շուկայի մեծ մասը քեզ վրա է, ապա վնասներն ավելանում են: Մեր պորտֆելի 20-40%-ը անհատ տաքսիստներին է բաժին ընկնում, մինչդեռ մյուս ապահովագրականներում՝ մոտ 2%»: Պարոն Հակոբյանի դիտարկմամբ՝ պայմանները պետք է վերանայվեն, գուցե կառավարությունը անհատ տաքսիների ապահովագրությունը հավասար բաժանի ընկերությունների միջեւ, գուցե գները վերանայի. «Չգիտեմ՝ ինչ կանի, բայց պետք է շտապ մի բան արվի, հատկապես, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին վթարների թիվն ավելանում է»:

«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությունն այս խնդրով օրերս դիմել է նաեւ կառավարություն, եւ ինչպես կազմակերպության ղեկավարն ասաց՝ նույնիսկ ապահովագրական ընկերություններին հորդորել է դիմել կառավարություն՝ խնդիրը քննարկելու համար. «Այդ ընկերություններն ասում են՝ մենք թանկ գներով ենք անում, ոչ թե գերշահույթներ ստանալու համար, այլ՝ ռիսկը բարձր է, ավելի լավ ա գործ չունենանք հետները: Առաջարկում ենք՝ հիմնավորեք ձեր ասածները կառավարությունում, հնարավոր է՝ գները վերանայեն կամ այլ բան մտածեն: Մեզ պատասխանում են՝ չէ, դեմն ընտրություններ են, ոչ ոք տենց բան չի անի: Ընտրություններից հետո էլ, մինչեւ էս կողմ, էն կողմ, արդեն 2014 թվին նոր հարցը կլուծվի, կամ էլ՝ եսի՞մ: Հիմա ի՞նչ, էդ տաքսիստները իրանց պատճառով չաշխատե՞ն կամ էլ՝ անիմաստ ավելի վճարե՞ն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930