Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը հիմար չէ, նա ծրագիր է իրականացնում

Նոյեմբեր 22,2012 13:08

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական դարակազմիկ հայտարարությունն արեց, որ ՀՀ աշխատունակ քաղաքացիները գերադասում են պորտաբույծի պես մսխել կառավարության տված 35 հազար դրամ նպաստը եւ չեն ցանկանում ընդունել 60-80 հազար դրամ աշխատավարձով աշխատանքի առաջարկները: Երեկ «Առավոտը» ՍԴՀԿ-ն ներկայացնող ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են մեր համերկրացիներն այդքան ապաշնորհ, որ գերադասում են աղքատության շեմով գոյատեւել, բայց չաշխատել: «Փաստորեն, մենք գործ ունենք մի մասսայի հետ, որն ապրելու իրավունք չունի, քանի որ այդպիսիք մեկը կամ երկուսը չեն, այլ մեկ միլիոն 300 հազարը: Այսինքն՝ վարչապետի տրամաբանությամբ, ազգիս բացարձակ մեծամասնությունը բաղկացած է ստորաքարշ մարդկանցից, որոնք նույնիսկ ձմռանը համաձայն են իրենց ճղճիմ գոյությունն այդ 35 հազար դրամով տանել՝ ցրտի ու զրկանքների մեջ, միայն թե չաշխատել»,- հեգնեց մեր զրուցակիցը՝ հարցնելով. «Իսկ ո՞վ է այդ մարդկանց համար աշխատատեղեր բացել»: Գուրգեն Եղիազարյանը այդ «մտքի ճառագայթին», «տրամաբանության ջոմոլունգմային»՝ վարչապետին, խորհուրդ է տալիս մեկ անգամ այցելել շուկա եւ տեսնել այնտեղ խնձոր վաճառող գիտնականին ու ակադեմիկոսին: Մեր զրուցակցին զայրացնում է այն, որ իշխանությունն իր ողջ մեղքը, ծուլությունն ու ապաշնորհությունը գցում է ժողովրդի վրա: Հիշելով Տիգրան Սարգսյանի նախորդ հայտարարությունները՝ արտագաղթի եւ հեղափոխության մասին, Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ Տիգրան Սարգսյանը ենթագիտակցաբար նետում է հատուկ մշակված ծրագիրը՝ որքան սոված լինի հայ ժողովուրդը, որքան զրկանքի մեջ լինի, այնքան հեշտ ընտրություն կլինի իշխանության համար. «Սա հիմարություն չէ, սա ծրագրի արդյունք է»: Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է փորձի նախագահական ընտրություններում երկիշխանության հասնել, այլապես նորից կվերարտադրվի այս իշխանությունը. «Ընտրություններին զուգահեռ պետք է լինեն հուժկու հանրահավաքներ, ՀՀ քաղաքացին պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա, որ հերթական անգամ, ստորացուցիչ պայմաններում, իրեն դնելով տձեւ մասսայի տեղ՝ այս իշխանությունը վերարտադրվի»: Ներկայումս ընդդիմադիր ուժերի միջեւ ընթացող բանակցությունների ֆորմատում Եղիազարյանը անհնարին է համարում ՀՀ քաղաքացիների կոնսոլիդացումը քաղաքական ուժերի շուրջ:

Ի դեպ, վերջերս Բեռլինի համալսարանում փակվեց հայագիտության ամբիոնը, եւ ամբողջ խնդիրն այն էր, որ ՀՀ-ն պետք է 24 հազար եվրո վճարեր: Գումարը չգտնվեց, ու ամբիոնը փակվեց: Մինչդեռ այսօր Հայաստանը աշխարհին ներկայանալու լրջագույն խնդիր ունի: Ու եթե այս իրողությունը համադրվում է նրա հետ, որ Ադրբեջանն այսօր չունենալով մշակութային գոնե 50 տարվա շերտ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ադրբեջանի պատմական կենտրոններ է բացում՝ առավել տխուր եւ ցցուն պատկեր է ստացվում: «Բա 16,6 միլիոն դոլարը որ դասախոսությունների վրա մսխել եւ լափել եք, չկարողացա՞ք 24 հազար եվրո գտնել՝ ազգս ներկայացնող համալսարանական կենտրոնը պահպանելու համար»,- իր վրդովմունքը փոխանցեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ այսօր Գերմանիայում օր օրի հզորանում է թուրքական էքսպանսիոն քաղաքականությունը: Թուրքիան Բունդեստագում ներկայացուցիչներ ունի, վերցրել է հասարակական բոլոր ինստիտուտները, իսկ Հայաստանը կորցնում է միակ հայագիտական ամբիոնը Եվրոպայում: «Ո՞վ է պատասխան տալու սրա համար»,- հարցնում է մեր զրուցակիցը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930