Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի պատասխանատուները լինելու են կուսակցությունների օլիգարխ նախագահնե՞րը

Նոյեմբեր 22,2012 13:00

Քաղաքագետը՝ խորհրդարանական համակարգի անցնելու նախաձեռնության մասին

«Հայաստանն այսօր պետք է վերադառնա նախագահական կառավարման մոդելին ու դրանից հետո միայն անցում կատարի խորհրդարանական կառավարման մոդելի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական դաշտում ծավալվող քննարկումներին՝ խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ կոնսենսուս ձեւավորելու համար, ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների եւ խորհրդատվական խումբ» կազմակերպության գործադիր տնօրեն, քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է պատասխանատվության խնդիրը նախ հստակեցնել, քանի որ գործող կիսանախագահական մոդելում, ըստ էության, ոչ նախագահը, ոչ ԱԺ-ն, ոչ կառավարությունը չեն ստանձնում պատասխանատվություն այս կամ այն գործողությունների համար, ու խառնաշփոթ է ստացվում: Մինչդեռ նախագահական համակարգի ժամանակ կա քաղաքականության համար հստակ պատասխանատու՝ նախագահը: Հետ գնալով նախագահական համակարգ՝ քաղաքագետի պատկերացմամբ, պետք է կայացնենք կուսակցական համակարգը, որից հետո նոր անցում կատարենք խորհրդարանական կառավարման համակարգի: Մեր զրուցակիցն, իհարկե, նախընտրելի է համարում խորհրդարանական կառավարման համակարգը, որովհետեւ կարծում է, որ այդտեղ մտքերի փոխանակումը ավելի թեժ է, ճիշտ է, ու քաղաքականության զարգացումը տարբեր ոլորտներում կախված է հենց քննարկումներից, մտքերի ձուլումից: Սակայն խորհրդարանական կառավարումը պահանջում է կայացած կուսակցական համակարգ: «Յուրաքանչյուր կուսակցություն ունի խորհուրդ, որը իրավասու է կայացնել այս կամ այն որոշումը: Այդ խորհուրդը նաեւ պետք է փոխի նախագահին ժամանակ առ ժամանակ, որպեսզի ունենա արդյունավետ կառավարում: 1991 թվականից ի վեր ես չեմ հանդիպել որեւիցե մեկ կուսակցության, որտեղ նախագահը փոխվի գոնե մեկ անգամ: Նման բան չկա: Հայաստանում մեկ հոգու կուսակցություններ են, որոնց գլուխը հիմնականում օլիգարխներ են, ֆինանսական ինչ-ինչ հնարավորություններ ունեցող մարդիկ, եւ որոնք փորձում են սեփական քաղաքականությունը առաջ քաշել: Որոշները փորձում են դա համընկեցնել պետական քաղաքականության հետ: Հիմա, եթե մենք վերցնենք նման համակարգը եւ անցնենք խորհրդարանական կառավարման, դա հավասար է ինքնասպանության, որովհետեւ մեզ մոտ անգամ քաղաքական կուլտուրա չկա: Եթե ես, օրինակ, նախընտրում եմ ՀՅԴ-ն, ապա ԲՀԿ-ի համար դառնում եմ թշնամի, եթե նախընտրում եմ ՀՀԿ-ն, ապա ՀՅԴ-ի կամ մեկ այլ կուսակցության համար դառնում եմ թշնամի: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանական համակարգը. ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ի հայտ գան կուսակցությունները, որոնք հինգ տարի իշխելու են, տանելու են երկիրը եւ միակ պատասխանատուն են լինելու… այստեղ ուղղակի քաղաքացիական պատերազմի վտանգ կա: Հետեւաբար Հայաստանի համար դեռ շուտ է խորհրդարանական կառավարման մոդելի անցնելը»,- ասում է քաղաքագետը:

Ասվածի համատեքստում անդրադառնալով «Առավոտի» այն դիտարկմանը, որ խնդիրը, այսպես ասած, բարի ցանկությունների դաշտում է, քանի որ էական տարբերություն չկա՝ խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական կամ նախագահական համակարգում է իշխանությունը կեղեքում ժողովրդին, Սուրեն Մովսիսյանը նկատեց. «Երբ իշխանության գալիս են այն մարդիկ, ովքեր չունեն պետական մտածելակերպ, երբ իշխանության են գալիս տարբեր տեսակի ակտիվիստներ, գործարարներ, գալիս են առաջին անգամ եւ չգիտեն՝ ինչ անեն, ոնց անեն, նախագահական կամ կիսանախագահական մոդելի դեպքում խնդիր ենք ունենում»: Մեր զրուցակիցը գտնում է, որ այս իրավիճակում խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում այսօր միանգամայն այլ իրականություն կարող էինք ունենալ, որտեղ լուրջ դեբատներ կլինեին, քանի որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասը կունենար. «Մինչեւ 1998 թվականը նախագահն էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գնաց՝ հայտնի ուժերի ճնշման տակ: 2005-ից դարձանք կիսանախագահական, եւ պատասխանատվության հոտն ու համն ընդհանրապես կորավ»: Վերադառնալով ընթացող քաղաքական կոնսուլտացիաներին՝ մեր զրուցակիցը փաստում է. «Տվյալ ժամանակահատվածում նման բան կազմակերպելը ոչ մի տրամաբանություն չունի: Միայն, թերեւս, PR-ը՝ սեփական անունը հասարակության շրջանում շահարկելի դարձնել՝ ցույց տալու համար, որ իբր լուրջ մտահոգված են, լուրջ խնդիրներ կարող են լուծել»: Չընդունելով որեւէ պատճառաբանություն, որը բերվում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կողմից, մեր զրուցակիցն ասում է, որ տրամաբանական էր այդ ամենն անել խորհրդարանական ընտրություններից առաջ կամ արդեն 2013-ի նախագահական ընտրություններից հետո. «Փորձ արվեց Վարդան Օսկանյանին դարձնել ընդդիմադիր: Բայց Վարդան Օսկանյանը, որպես լիդեր, թույլ է, խարիզմատիկ չի: Դա չստացվեց: Հիմա փորձ է արվում խորհրդարանական կառավարման անցնելու մոդելը դարձնել շահարկվող թեմա, որպեսզի իրենց դեմքը պահեն: Մի խոսքով՝ իմիտացիա է»: Մեր զրուցակիցը վստահ է, որ ՀՀԿ-ականների հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի ֆավորիտ եւ առաջինը լինելու մասին, լիակատար բալանսի մեջ են ԲՀԿ-ի կողմից խորհրդարանական կառավարման մոդելի անցման գործողություններին. «ԲՀԿ-ի գործողությունները սատարում են այդ հայտարարություններին, եւ նման հայտարարություններն օգնում են ակտիվացնել գործողությունները»: Քաղաքագետը գտնում է, որ առողջ ընդդիմադիր ուժերը պետք է լուրջ նախապատրաստվեն 2018 թվականին, քանի որ երեք նախագահների կառավարման ցիկը 2018-ով է ավարտվում, ու պետք է ամեն ինչ անել, որ նրանք 2018-ին չվերարտադրվեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930