Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կաշկանդված Գագիկ Ծառուկյանը

Նոյեմբեր 22,2012 12:57

Իրական բռնցքամարտը Ծառուկյանի համար քաղաքական «բռնցքամարտից» ավելի կարեւոր է

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ երեկ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում, ինչպես հայտնի է, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:

Սակայն գրանցվեց 44 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չապահովվեց, քանի որ անհրաժեշտ էր 66 ձայն, մինչդեռ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միասին ունեն ընդամենը 53 պատգամավոր: Նիստից բացակայում էին 9 պատգամավորներ, որոնցից մեկը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էր, ով երկու անգամ ենթարկվել է վիրահատության եւ աշնանային նստաշրջանին ընդհանրապես չի մասնակցել: Բացակայող 8 պատգամավորները ԲՀԿ խմբակցության անդամներ էին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ի բացակայող պատգամավորներն էին՝ Արայիկ Աղաբաբյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Գրիգորի Մարգարյանը եւ Գել մականունով Գրիգոր Գրիգորյանը, ով ներքին զորքերի նախկին հրամանատարն է եղել եւ հայտնի է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով:

Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանին, ապա կուսակցությունից մշտապես նրա բացակայությունը պատճառաբանում են նրա գերզբաղվածությամբ կամ արտերկրում լինելով: Երեկ, սակայն, Lurer.com-ի հետ զրույցում Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է. «Գագիկ Ծառուկյանն այսօր պարզապես չի կարողացել ներկա գտնվել ԱԺ արտահերթ նիստին մի պարզ պատճառով, որ նույն ժամին կուսակցության կենտրոնական գրասենյակում շատ կարեւոր ու նախօրոք պլանավորված հանդիպումներ է ունեցել՝ կապված ընդհանուր քաղաքական գործընթացների հետ»:

Մինչդեռ ԲՀԿ պաշտոնական կայքում տեղադրված նյութից երեկ հայտնի դարձավ, որ որոշվել է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը, իսկ ահա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գ. Ծառուկյանը ներկա է գտնվել սպարինգ մենամարտին:

Քաղաքական ուժերի միջեւ ընթանում են կոնսուլտացիաներ, բանակցություններ, ավելին՝ քաղաքական ուժերը նախագահական առաջիկա ընտրություններից առաջ բարձրացնում են համախմբման, նույնիսկ միասնական թեկնածու ունենալու անհրաժեշտության հարց, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները եւ մասնավորապես ԲՀԿ առաջնորդը չի մասնակցում կարեւորագույն քաղաքական իրադարձությանը՝ միաժամանակ ներկա է գտնվում բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմի որոշմանը եւ բռնցքամարտիկների սպարինգ մենամարտին։

Մի՞թե իրական բռնցքամարտը Գագիկ Ծառուկյանի համար այս օրերին ավելի կարեւոր է, քան քաղաքական «բռնցքամարտը»: Իսկ գուցե «այլընտրանք» հանդիսացող քաղաքական ուժի համար քաղաքական իրական «բռնցքամարտ» գոյություն չունի՞…

ՀԱԿ-ից հաճախ են հնչում կարծիքներ, թե ԲՀԿ-ն քայլ առ քայլ ցույց է տալիս, որ այլեւս կաշկանդված չէ, որոշ քայլերով դեռ ցույց է տալիս, որ կաշկանդված է… Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու է «այլընտրանք» հանդիսացող քաղաքական ուժի առաջնորդը խուսափում խորհրդարանական գործունեությունից, այն էլ՝ այս շրջանում, երբ հայաստանյան քաղաքական թիվ մեկ ինտրիգը համարվում է նրա առաջադրվել-չառաջադրվելու հարցը։ Մի՞թե երեկ խորհրդարանում ծավալվող գործընթացները պատեհ առիթ չէին ընդդիմության հետ բանակցող քաղաքական հիմնական ուժի առաջնորդի համար՝ ի ցույց դնելու «կաշկանդվածության» բացակայությունը, առավել եւս, որ երեկ Գ. Ծառուկյանը Zham.am-ին տված բացառիկ հարցազրույցում նշել էր, որ իր մեջ որոշումն արդեն իսկ կայացրել է…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930