Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտե՞ն, թե ինչ են ուզում

Նոյեմբեր 22,2012 12:43

Հանրապետականները սխալ են վարվել՝ տապալելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Խորհրդարանը մտքեր փոխանակելու եւ, ինչու չէ, դրանք քարոզելու համար է: Եթե վստահ ես քո ճշմարտության մեջ, մասնակցիր քննարկմանը, արտահայտիր քո տեսակետը եւ դեմ քվեարկիր քո չհավանած օրինագծին: Եթե ՀՀԿ-ն այդպես աներ, աշխարհը, ենթադրում եմ, շուռ չէր գա: Մյուս կողմից՝ ընդդիմադիրները ակնհայտորեն սխալվում են՝ ասելով, որ ԱԺ նիստին մասնակցելը պատգամավորների առաջ դրված սահմանադրական պահանջ է՝ նախքան նման բան ասելը պետք էր խորհրդակցել իրավաբանների հետ:

Բայց խոսքս ԱԺ-ի ցանկապատի մոտ ակցիայի մասին է: Դիտեք այդ տեսանյութերը, լսեք, թե ինչ են խոսում այդ մարդիկ: Չգիտեմ՝ նրանք ՀԱԿ ակտիվիստներ են, թե պարզապես «ժողովրդի ներկայացուցիչներ», բայց նրանց դատողություններից եւ «փաստարկների» մակարդակից պարզապես մարդու «ականջներն են թոռոմում» (եթե թույլատրելի է ռուսերենից բառացի թարգմանությունը): Ակնհայտ է, որ այդ մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչի համար են եկել, ինչ պահանջներով է անցկացվում բողոքի ակցիան:

Ես չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական  համակարգի շուրջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող բոլոր պատգամավորները եւ ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ՝ հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի: Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի՝ դա ինչ է եւ որն է դրա օգուտը:  Գիտեմ, որ ընդդիմադիրներն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը եւ այլն: Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, եւ բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է: Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաեւ «ռեժիմից ազատվելը»՝ չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Թվում է, թե «ռեժիմից ազատվելը» պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետեւ նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսեւորումներ: Բայց այդ էմոցիաները չեն ձեւակերպվում որպես քաղաքական համոզմունք եւ պահանջ: Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող եւ անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը եւ կքվեարկեն «ինչպես որ հարկն է»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930