«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նշանակված զեկուցողը` իտալացի պատգամավոր Ռենատո Ֆարինան (Renato Farina), համոզված եմ, շատ օբյեկտիվ կներկայացնի խնդիրը»,-«Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Խոսքը Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons) պատրաստվելիք զեկույցի մասին է, որը բխում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու հարցի քննարկումից: Ա.Ռուստամյանն ընդգծեց, որ իր համոզմունքը, թե Ռ.Ֆարինան «ամբողջական, ճիշտ, խորքային զեկույց կպատրաստի», պայմանավորված է նրանով, որ երբ նույն հանձնաժողովի պահանջով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում, ընթացիկ հարցի կարգավիճակով, քննարկվեց Ռամիլ Սաֆարովի հարցը, Ռենատո Ֆարինան «շատ ադեկվատ ելույթ ունեցավ»: Դրան հաջորդեց հանձնաժողովի որոշումը` նոյեմբերին Փարիզում կայանալիք նիստում նշանակել ԵԽ-ի միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահման հարցով զեկուցողի:
Հիշեցնենք, որ նստաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, թե քանի որ խնդիրը վերաբերում է ընթացիկ քննարկմանը, ապա Սաֆարովի հարցի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունվել: Նա, սակայն, հույս էր հայտնել, որ ԵԽԽՎ-ի իրավական հարցերի հանձնաժողովը լրջորեն կզբաղվի ԵԽ-ի կոնվենցիաներով սահմանված իրավունքների չարաշահմամբ: «Այսինքն` սա, իհարկե, կոնկրետ Ադրբեջանի վերաբերյալ զեկույց չէ, բայց բխում է Սաֆարովի գործից, և Սաֆարովի գործի հիման վրա իրավական հարցերի հանձնաժողովը պետք է այդ հարցին անդրադարձ կատարի: Թերևս, մի նոր բանաձև ընդունելու առաջարկ ներկայացնի` ինչպես խուսափել դրանից կամ ինչպես հանգել միասնական մեկնաբանության, ինչպես չշեղվել միջազգային պայմանագրի ոգուց, այլ ոչ թե հետևել զուտ տառին, եթե այն հակասում է ոգուն»,-հայտնել էր Դ. Հարությունյանը` հավելելով, որ, որպես կանոն, նման նախագծերը նախապատրաստվում են երկու տարում: