Հատված մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ հարցազրույցից:
– Ընդհանրապես ընտրություններից առաջ շատ կայքեր են ստեղծվում, և լուրջ մրցապայքար է ընթանում։ Որպես մեդրա փորձագետ՝ ի՞նչ եք կարծում՝ դրանք ժամանակավո՞ր կայքեր են, որոնք հետո կփակվեն, թե՞ կշարունակեն գործել։ Փորձն ի՞նչ է ցույց տալիս։
– 1990-ական թվականներից սկսած, այն ժամանակ ինտերնետ չկար, կայքեր չկային, թերթեր էին ստեղծում։ Ընտրություններից առաջ ինչ-որ թերթեր էին բացվում տարօրինակ անուններով, օրինակ՝ ինչ-որ վարչական շրջանում մի թերթ էր բացվում, իսկ հետո պարզվում էր, որ դա որևէ քաղաքական ուժի էր պատկանում։ Հիմա արդեն կայքերի բումն է սկսվել։ Որոշ քաղաքական գործիչների կամ կուսակցությունների համար դա ասես ատրիբուտիկայի մաս լինի, դե, առանձնատուն ունի, շքախումբ ունի, մի քանի ավտոմեքենա ունի, մանդատը ունի, քարտուղարուհի էլ ունի։ Մտածում են՝ էլ ի՞նչ չունենք, որ մնացածը ունեն… եկեք կայք բացենք։ Ու կայք են բացում պարզապես երևալու համար։
Կարդացեք նաև
Իրականում նախագահական ընտրություններից առաջ չեմ կարծում, որ կայքերը այդքան շատանան, սակայն ապագայում հնարավոր է, որ իմ նշած՝ 1990-ականներին բացված թերթերի պես նման քայլի գնան նաև կայքերը։ Նախագահական ընտրություններից առաջ, հնարավոր է, որ կայքեր
բացվեն, մինչդեռ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի դրանք կարողանան շուկայում տեղ գրավել և ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ այն մարդիկ կամ այն կուսակցությունները, ովքեր մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին՝ հատուկ դրա համար տեղեկատվական կայքեր բացեն։ Հնարավոր է, որ դրանք բացեն իրենց նախընտրական կայքը՝ քարոզչություն իրականացնելու համար, ինչը նորմալ է։ Դա նույնն է, ինչ, օրինակ՝ նախընտրական բուկլետներ տարածելը, և այլն։ Ընդ որում, եթե կայքեր բացեն և օգտագործեն Ինտերնետի հնարավորությունները, ապա դրանք կարող են որոշակի չկողմնորոշված խավի վրա ազդեցություն ունենալ։ Չկողմնորոշված խավի, որն օգտվում է Ինտերնետից, քանի որ կողմնորոշվածի վրա ազդեցություն ունենալը դժվար է։
Անիմաստ է և արդյունավետ չէ փող ծախսել նոր տեղեկատվական կայքեր բացելու համար, քանի որ նոր կայքերը չեն կարող շուկայում մրցակցել, իսկ շուկայում մրցակցությունը մեծ է։ Օրինակ, պարզապես հիշեք, թե յուրաքանչյուր օր քանի տեղեկատվական կայքերից եք օգտվում։ Ես հիմա կարող եմ թվարկել ընդամենը 3-4 կայք, որից օգտվում եմ յուրաքանչյուր օր, և գիտեմ էլի շատ մարդկանց, որոնք հիմնականում 5-6 կայքերից են օգտվում։ Այսինքն՝ շուկայում մրցակցությունը շատ մեծ է, և հիմա նոր կայք բացելն արդյունավետ չէ։ Կարծում եմ՝ առավել արդյունավետ է պարզապես նախընտրական կայք բացել և այդ նախընտրական կայքը սոցիալական ցանցերով և ինտերնետի ընձեռած այլ հնարավորություններով տարածել։
Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ
«168 ժամ»