«Իմ անձնական գնահատմամբ` եթե ցանկանում եք ինչ-որ փոփոխությունների հասնել, պետք է միավորվեք, և, կարծես, տեսնում ենք, որ վերջին շրջանում ընդդիմությունը փորձում է միանալ և ընդհանուր թեկնածուով հանդես գալ, և այլ երկրների ուղին ցույց է տալիս, որ դա է ճիշտը»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան, Քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ընդդիմության ներկայիս հնարավորությունները և գործունեությունը:
Հարցին՝ արդյո՞ք այսօրվա ընդդիմությունը ունի այն ուժը, որ միավորվելու դեպքում կարողանա հաղթանակ տանել ընտրություններում, Սիմոնսը պատասխանեց, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ ընդամենը դիտորդ է:
Իսկ այն հարցին`ինչպե՞ս է գնահատում փոխդեսպանը ժողովրդավարության տեսանկյունից ՀՀԿ-ականների այն միտքը, թե նախագահական ընտրություններում միակ ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, և այլ թեկնածուները պետք է պայքարեն երկրորդ-երրորդ տեղի համար, Սիմոնսն ասաց. «Սա մի հարց է, որի պատասխանը հայերը պետք է տան: Քաղաքականության մեջ մենք չենք անցնում այս կամ այն կողմը: Իհարկե քարոզարշավի ժամանակ քաղաքական կուսակցությունները շատ տարբեր բաներ կարող են ասել, նույնը տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում, և ընտրողը պետք է որոշում կայացնի»,-նշեց ԵՄ պատվիրակության փոխդեսպանը: