Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը առեւանգել էր «հարսնացուին», պահանջելով 150 000 դոլար փրկագին

Նոյեմբեր 22,2012 11:36

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Գ.Ավետիսյանի, Ե.Դարբինյանի, Ս.Չիչոյանի մասնակցությամբ անփոփոխ թողեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալ Հրանտ Ստեփանյանի պաշտպան Է. Կոստանյանի վերաքննիչ բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանում արագացված ընթացակարգով էր տեղի ունեցել նիստը, Հրանտ Ստեփանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, եւ դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով:

ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թևանյանի 2012 թվականի մայիսի 3-ի որոշմամբ՝ մայիսի 3-ին Հ. Ստեփանյանը ձերբակալվել էր: Հ. Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հ.Ստեփանյանին մեղսագրվել էր շորթում հանցակազմը, սակայն քննիչի հունիսի 5-ի որոշմամբ Հ. Ստեփանյանի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթի մասը կարճվել էր և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Քննիչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով Հ. Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հ.Ստեփանյանը «Հրանտ Ստեփանյան» ԱՁ-ի տնօրենն էր, զբաղվել է ոսկերչական իրերի արտադրությամբ և վաճառքով: Ըստ նախաքննության մարմնի, այդ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա կրել է նյութական վնասներ, հայտնվել պարտքերի տակ: Պարտքերը մարելու համար նա «մշակել» էր մի ծրագիր. որոշել է առևանգել իր համաքաղաքացի Հերմինե Հարությունյանին, որպեսզի նրա մեծահարուստ հորեղբորից՝ Մխիթար Հարությունյանից փրկագին պահանջելով` մարի պարտքերը:

Պարտքատեր տնօրենը մայիսի 2-ին հանդիպում է Հերմինե Հարությունյանին և ամուսնության առաջարկի պատրվակով, նրան տանում է նախօրոք վարձակալած՝ Երևանի 17-րդ թաղամասի Նազարբեկյան շենքերից մեկի բնակարան: Հրանտը վերցնում է «հարսնացուի» բջջային հեռախոսը, արգելափակում նրան, զանգում Մխիթար Հարությունյանին: Փրկագինը, որը պահանջում է տնօրեն-«փեսացուն», 150.000 ԱՄՆ դոլար գումար էր:

Հ.Ստեփանյանը վերաքննիչ բողոքում հայտնել էր, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը ակնհայտ խիստ է և խնդրել էր իր նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ Հրանտ Ստեփանյանն ամուսնացած է և ունի երկու անչափահաս երեխա:

Վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հ. Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը համաչափ է նրա կատարած արարքի ծանրությանը և անձնավորությանը, նա պետք է կրի իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը, որով ապահովվում է սոցիալական արդարության արդյունավետ իրականացումը: Ըստ դատավճռի.«Հ. Ստեփանյանի ուղղումը և վերադաստիարակումը հնարավոր է միայն սահմանված պատիժը փաստացի կրելու պայմաններում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտավ, որ Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դատարանի կողմից Հ. Ստեփանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հիմնավորված է նրա կատարած արարքի հասարակական վտանգավորությամբ և բնույթով, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքները չեն կարող նշանակված պատիժը մեղմացնելու հիմք հանդիսանալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930