Մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցածը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կա շատ կոնկրետ քաղաքական, հասարակական եւ իրավական իրավիճակ։ Իրականում Սահմանադրությունը խորհրդարանին տվել է դեր։ Իրենցից չի պահանջվում բարձրացնել այդ դերը, քանի որ այն հստակ է ու բարձր։ Էս կարգի քայլերով խորհրդարանի դերն ու նշանակությունը իջեցնում են։ Եթե խորհրդարանի դերն են իջեցնում, նշանակում է, որ իջնում է նաեւ պետության դերը»։
Փաշինյանը, սակայն, ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա, այն է՝ երեկվա վիճակը անսովոր չէ պատգամավորների մասնակցության առումով, եւ սովորական քառօրյա նիստերին միշտ չէ, որ պատկերը դրանից շատ է տարբերվում։ «Գրանցման պահին, իհարկե, պատգամավորներ են լինում, բայց եթե հետեւենք, թե հարցերը քանի մարդու ներկայությամբ են քննարկվում… Սա խնդիր է, որ Հայաստանի ապագայի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերը քննարկվում են ըստ էության կիսադատարկ դահլիճում։ Իսկ եթե այդ հարցերը խորհրդարան են հասել, ուրեմն՝ դրանք էնքան կարեւոր են, որ պետք է պատգամավորները շահագրգիռ քննարկումներ անցկացնեն։ Դա իրենց աշխատանքային պարտականությունն է»,- ասաց պատգամավորը։
Փաշինյանին խնդրեցինք մեկնաբանել ՀՀԿ-ականների մոտեցումը,
Կարդացեք նաև
որի համաձայն՝ իշխանությունը շատ կարեւոր հարցեր դիտարկում է
որպես «քաղաքական», ասենք՝ բյուջեն «քաղաքական փաստաթուղթ» է, կամ իրենց որոշումը «քաղաքական» է։ Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ կարելի է այդ նույն տրամաբանությամբ «քաղաքական մոտեցում» ցուցաբերել եւ խորհրդարանը որպես ինստիտուտ փակել, որպեսզի այդ քաղաքական մեծամասնությանը ոչ մեկը չխանգարի իրենց ուզած բյուջեն ընդունել։ Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը նրանով է խորհրդարան, որ երկրի օրակարգում առկա հարցերն այնտեղ քննարկվում են բառի իսկական իմաստով, մեծամասնությունը իր տեսակետն է արտահայտում, մյուս քաղաքական ուժերն՝ իրենցը։ «Եթե մեծամասնության քաղաքական նշանաբանը, մոտեցումն այն է, որ «մենք ուրիշի թույլ չենք տալու այդ բանի մասին խոսել», ուրեմն՝ եւս մեկ անգամ հաստատվում է այն տեսակետը, որ քաղաքական հարցերը Հայաստանում պետք է լուծել ոչ թե խորհրդարանում,
այլ փողոցում»,- ասաց Փաշինյանը։
«Հայկական ժամանակ»