Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայ» ընկերության սեփականատիրոջ երեխային վերադարձնելու մոր ձգտումները պայմանավորված են ժառանգության նկատմամբ հավակնություններո՞վ

Նոյեմբեր 22,2012 11:02

 Նոյեմբերի 20-ի երեկոյան դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում «Արայ» ընկերության վաղամեռիկ սեփականատեր Արմեն Պետրոսյանի մոր տան մոտ։ Դրանց կենտրոնում Արմենի 6 տարեկան դուստրն էր՝ Կարինան, որն իր կյանքի վերջին տարիներին կռվախնձոր է դարձել նախ իր ծնողների միջեւ, իսկ հոր առեղծվածային «ինքնասպանությունից» հետո տատիկի՝ Կարինե Սուքիասյանի, եւ մոր՝ նախկին թարգմանչուհի Տատյանա Չադենկովայի միջեւ։ Նոյեմբերի 20-ի երեկոյան ոստիկանները, կատարելով երեխային մորը վերադարձնելու դատարանի որոշումը, լցվել էին Կարինե Սուքիասյանի տուն, որտեղ վերջին մեկ տարին ապրում էր Կարինան, եւ խլել էին նրան տատիկից։

Տատյանա Չադենկովան, որը Երեւանում է, մեզ հեռախոսազրույցում հայտնեց, որ աղջիկն իր հետ է, առողջ է ու լավ տրամադրություն ունի, եւ առաջիկայում ինքը չի պատրաստվում մեկնել Հայաստանից։

Կարինան, որը երկար ժամանակ է ապրել տատիկի հետ, արդեն երկրորդ անգամ է ձեռքից ձեռք անցնում։ Քննչական գլխավոր վարչությունում տատիկի՝ Կարինե Սուքիասյանի դեմ գործ կա հարուցված՝ Քրօր. 167 հոդվածով՝ «Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը»։ Տղայի մահից հետո նա վերցրել էր թոռանը եւ թաքնվել։ Սակայն նրան ետ են վերադարձրել Բագրատաշենի անցակետից, երբ թոռնիկի հետ ուզում էր հատել սահմանը։ Կնոջը ստորագրությամբ բաց էին թողել, բայց թոռնիկը շարունակում էր ապրել հորական տանը։

Մեր տեղեկություններով, երեխային հորական տատի մոտ, այսինքն՝ Հայաստանում թողնելու որոշման ետեւում կանգնած էին ՀՀ իշխանությունները։ Ասում էին՝ անգամ Հայաստանում ՌԴ դեսպանի միջնորդությունն ու պահանջը դեր չեն խաղացել, երկու անգամ նա եղել է ՀՀ գլխավոր դատախազի մոտ, սակայն մերժում է ստացել։ Նրան ասել են, որ երեխային չեն տալու մորը՝ ՌԴ քաղաքացի Չադենկովային։

Հայկական կողմը կասկածում է, որ Պետրոսյանի մահից հետո երեխային վերադարձնելու մոր ձգտումները պայմանավորված են ժառանգության նկատմամբ հավակնություններով։ Ամեն դեպքում՝ հայկական կողմը չէր պատրաստվում երեխային տալ մորը։ Թե ինչ է փոխվել հետագայում, պարզ չէ։ Ոմանք կարծում են, որ հարցը լուծվել է միջպետական մակարդակով՝ ՌԴ իշխանությունները ճնշում են գործադրել մեր իշխանությունների վրա, եւ դատարանն անսպասելի որոշում է կայացրել՝ երեխային հանձնելով մորը։

Չադենկովայի պաշտպան Նարինե Ռշտունին ասում է, որ քրեական գործում վկայություններ կան, որոնց համաձայն Կարինան իր հորաքրոջն էր «մամա» ասում։ «Այս փաստն ինքնին արդեն երեխայի իրավունքների կոպիտ խախտում է,- ասում է Ն. Ռշտունին։- Մենք բողոքարկել էինք արգելանքը որպես հայցի ապա հովման միջոց կիրառելու որոշումը, եւ օգոստոսի 24-ին վարչական դատարանը վերացրել է այդ արգելանքը, վերաքննիչն այս որոշումը թողեց ուժի մեջ, վճռաբեկն էլ հակառակ կողմի հայցը վարույթ չընդունեց։ Այսպիսով, ոչ մի արգելք չկա երեխային հանձնելու մորը, որը հանդիսանում է իր օրինական ներկայացուցիչը եւ որը ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախապատվության իրավունք ունի այլ անձանց նկատմամբ երեխային խնամելու եւ դաստիարակելու»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930