Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանման երկու վճարող-տեսուչների դեմ գործով առաջին դատական նիստը:
Ամբաստանյալներ Արմեն Ավետիսյանն ու Հովհաննես Միրզոյանը մեղադրվում են իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ:
Ըստ մեղադրանքի, Արմեն Ավետիսյանը՝ մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ն աշխատելով վճարային ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչ, 2008–2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում երկու մահացած կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծել է, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի, ընդհանուր՝ 682.590 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։
Ըստ մեղադրական եզրակացության, նույն ստորաբաժանումում մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը որպես վճարող-տեսուչ աշխատած Հովհաննես Միրզոյանը, տեղեկանալով կենսաթոշակառուների մահվան կամ ՀՀ-ից բացակայելու մասին, 2007–2010թթ. ընթացքում, կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 3 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ 1.231.574 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։