«Գիրքը մոտ եւ հասկանալի է, այն առավել լավ կընկալեն Սովետական միությունում ապրած մարդիկ, ովքեր զգացել են կապիտալիստական ժամանակաշրջանի պրոբլեմ ասվածը: Թարգմանվել է տարբեր լեզուներով` կարծում եմ, որ դա ծանր աշխատանք է, որն իր մեջ պրոբլեմ ու խորամանկություն ունի: Այստեղ մայրենի լեզվի լավ իմացությունն է կարեւոր»,-«Սնկերի արքա» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, «Литературная газета»-ի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը:
Նրա համոզմամբ` գրքում ճակատագրերը ու գործընթացը շատ մոտ է այսօրվա իրականությանը: Ներկայացված է օլիգարխ եւ բիզնեսմեն մարդու կյանքը: Այն հայ ընթերցողի համար գիտելիքների աղբյուր կհանդիսանա:
Գիրքը հայերեն է թարգմանել Լիա Իվանյանը: Նրա խոսքով հեղինակի աշխարհայացքը շատ մոտ ու հարազատ է իրեն: Ամեն մի խոսք ու բառ իր գրավչությունն ու համն ունի: Թարգմանիչը պարտավոր է տալ այդ բառերի զգացողությունը. «Կարդացել եմ հիացմունքով, չկարողանալով կտրվել այդ հուզական թարմությունից, նաեւ շտապել եմ հայ ընթերցողին տալ այդ թարմությունը: Ես երջանիկ եւ հպարտ եմ, քանի որ թարգմանել եմ նման հասուն վեպ: Չեմ զղջում իմ արած գործի համար եւ կարծում եմ, որ գրողը իսկապես զգացել եւ վերապրել է այս ստեղծագործությունը»:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը գիրքը ռուսերեն տարբերակով ընթերցել է 2006թ.-ին եւ մտածել է, որ գրողին կծեծեն. «Գրողին կհարվածեն աջից, ձախից, մեջտեղից, քանզի հերոսը հիշեցնում եւ արտացոլում է մեր օրերի կյանքը թե քաղաքական, թե սոցիալական առումով եւ դա տպավորիչ է: Հերոսը օլիգարխիկ եւ բիզնեսմեն մարդու պատկեր է, ով իր մեջ հավաքել է մեր ժամանակաշրջանը: Ծավալուն ստեղծագործություն է, որը պետք է հայ ընթերցողին»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ