Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ՀՀ 30-ամյա քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում սպանության, կողոպուտի և մարդ առևանգելու կասկածով: Հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը:
ՀՀ ոստիկանությունից Ռուսաստանի ոստիկանություն էին դիմել այս տարվա հոկտեմբեր ամսին` հետախուզման գործողության համագործակցության համար: Ըստ տեղեկությունների կասկածյալը 2008թ. Հայաստանում իր հանցակցի հետ կին է առևանգել, հարկադրաբար նրան մեքենայով քաղաքից դուրս է տարել, այնուհետև բռնաբարել է, գողացել զոհի անձնական ունեցվածքը, ապա հանցագործությունը թաքցնելու նպատակով սպանել է կնոջը:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունը «սպանության», «մարդ առևանգելու», «կողոպուտի» հոդվածներով քրեական գործ է հարուցել:
Ձերբակալության մասին հայտնել են հետախուզումը ձեռնարկողին: Կասկածյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հաստատվել է: Քննարկվում է Հայաստան էքստրադիացիա անելու նրա հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ