Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանն այսօր հայտնվել էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Սակայն նրանք կալանավայր եկել էին սեփական կամքով՝ միաժամանակյա խաղի սեանս անցկացնելու Հայաստանի տարբեր նմանատիպ հիմնարկներում պատիժ կրող 16 դատապարտյալների հետ, որոնք իրենց վատ չեն դրսեւորում շախմատի խաղատախտակի առջեւ: Նախաձեռնության հեղինակը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Հասկանալի է, որ դատապարտյալները չէին կարող հաղթել աշխարհի երկու հզորագույն գրոսմայստերներին, սակայն նրանց հետ հանդիպելն ու մրցակցելը եզակի ու անմոռանալի իրադարձություն էր, որը կարող էր չլինել ազատության մեջ գտնվելու պայմաններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ