«Ես տուն պիտի վերադառնամ». այս ցանկությունն է, որ 1998 թվականին պարուհի, պարուսույց Թենի Մաթյանին Իրանից տեղափոխել է Հայաստան:
Թենին տարիներ անց հայրենադարձության թեմայով ներկայացում է բեմադրում, այն կրում է «NERDURS»- խորագիրը, կներկայացնի նոյեմբերի 23-ին և 24-ին Մոսկվա կինոթատրոնում:
Թենին պատմում է, որ պարային ներկայացման գաղափարը շատ վաղուց է ծնվել. «Ես հասկացա որ, ուր էլ գնամ, իմ վերջնակետը իմ հայրենիքն է: Շատերին անհասկանալի է իմ անցած ուղին, և ես այդ ամենը պարզաբանելու համար փորձեցի բեմադրել մի պարային ներկայացում, որտեղ կլուսաբանվեր իմ և ինձ նման սփյուռքահայերի անցած ուղին և ապրումները»:
Թենին տարիներ շարունակ իր ուղեղում պտտվող պարային պատկերները ներկայացնում է Վահան Արծրունուն, ով երաժշտական մի ամբողջ շարք է նվիրում նրան: «Այդ երաժշտության ժանրը կոչվում է «World music»»,- նշում է պարուհին:
Թենին պարային ներկայացման մեջ ընդգրկել է այնպիսի արտիստների, ովքեր իր բնորոշմամբ, կներթափանցեին իր հոգու խորքը և իրապես կհասկանային ասելիքի իմաստը:
«Ինձ հետ 7 ամիս շարունակ աշխատեցին պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստներ»:
Արտիստների թվում է նաև Շաքէ Մէյջր Չիլինգիրյանը, ով կատարում է միջոցառման գլխավոր դերերից մեկը, նա հրավիրվել է Մեծ Բրիտանիայից. «Ցանկացա այս ճանապարհին իմ կողքին լինեն անձիք, ովքեր իրոք անցել են նույն ճանապարհով, ինչով ես եմ անցել: Վստահ եմ, որ այն, ինչ կցուցադրվի բեմում, ամեն մի սփյուռքահայի հույսի աղբյուրն է»,-պատմում է Թենին:
Թենին պարային ներկայացումը դժվարանում է որևէ ժանրի մեջ տեղավորել, ասում է, որ դրանում իր ապրումներն են, ասելիքը մատուցվում է 21-րդ դարի շնչով ու ժամանակով՝ չտարանջատվելով ակունքներից` «Արևելքից»:
Արփինե Արզումանյան` mynews.am