Գյումրու քաղաքապետարանը կունենա 691 աշխատակից` բավականին չափավոր աշխատավարձերով, բայց ուռճացված հաստիքներով: Օրինակ ` քաղաքապետ Բալասանյանն իրեն նախատեսել է 270 հազար դրամ աշխատավարձ, երկու փոխքաղաքապետերին` 216 հազար դրամ, քաղաքապետը իրեն նաև 5 խորհրդականներ է նախատեսել` ամեն մեկին 180 հազար դրամ աշխատավարձով: Իսկ որ ամենազարմանալին է, նույնիսկ քաղաքապետի տեղակալի համար են օգնական նախատեսել` 170 հազար դրամով: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս վիճահարույց է տեղակալ ունենալու հարցը. ըստ ՏԻՄ օրենքի, Գյումրու քաղաքապետին հասնում է ընդամենը մեկ տեղակալ:Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես նախկին մարզպետ Լիդա Նանյանի կողմից,այնպես էլ Վարդան Ղուկասյանի մոտ ստուգումների եկած Վերահսկիչ պալատի, սակայն այդպես էլ նախորդ քաղաքապետը հաշվի չի առել` կոմունիստ Գագիկ Մանուկյանին որպես փոխքաղաքապետ պահելուց զատ, աշխատանքի ընդունելով նաև ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին :
Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցի բաժնի պետերը կստանան 180 հազարական , իսկ առաջատար և առաջին կարգի մասնագետները 60-80 հազարական դրամ: Վաղը «Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը: Իսկ մինչև այդ նախագիծը ներկայացվեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների դատին, ու քաղաքի տնտեսագետներին անհայտ մնաց, թե ինչո՞ւ օրինակ` քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները շատ ավելի ցածր են ստանում, քան քաղաքապետարանի աշխատակիցները, օրինակ` սոցիալական ծառայության բաժնի պետերի աշխատավարձերը մյուսներից ցածր է շուրջ 35 տոկոսով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման` Զագսի Գյումրու տարածքային բաժնի պետինը շուրջ 45 տոկոս:Եվ մինչ տնտեսագետները փորձում էին լուրջ հիմնավորումներ գտնել, քննարկմանը մասնակցող լրագրող Համլետ Մոսինյանը կատակեց` ասելով. « Վայ, ի՞նչ կա չհասկանալու, աշխատավարձը գրել են ըստ բաժինների եկամտաբեր լինելու. սոցիալական ծառայությունները հախոտ տեղ են, հետևաբար և բաժնի պետերին շատ բարձր աշխատավարձ գրելը անարդարացի է , նրանք իրենց ջեբի փողը ոտքի վրա էլ վաստակում են, նմանապես և զագսի պետինը»:
Նշենք, որ եկամտաբեր լինել-չլինելու ֆոնին բավականին ցածր աշխատավարձ է նախատեսված մամլո քարտուղարին, վերջինիս աշխատանքը ծախսատար է ` համեմատած իրենց կաբինետներից դուրս չեկող պաշտոնյաների հետ: Որոշ գյումրեցիների գնահատմամբ, եթե քաղաքապետը որոշի ազնիվ աշխատել, նրա աշխատավարձն էլ մի երևելի գումար չէ, ընդամենը «ջեպի փող է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև