Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Հրանտ Գեւորգյանը՝ դատավորին. «Իմաստ չունի ձեզ հետ նիստի մասնակցելը»

Նոյեմբեր 21,2012 20:52

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 21-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց  ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ  Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի  ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Պաշտպանները միջնորդել էին դատափաստաթղթաբանական փորձաքննության  ենթարկել Ա. Նազարյանի մահվան դեպքից հետո «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին Բերդի ռազմական ոստիկանություն տեղափոխելու, այնտեղ անազատության մեջ պահելու հետ կապված փաստաթղթերը`  մեկուսացման գրությունները, զորամասի հրամանների գիրքը եւ ռազմական ոստիկանության գրանցամատյանը: Պաշտպանները համոզված են՝ այդ զինծառայողները  զինվորական ծառայության կանոնների խախտում թույլ չեն տվել,որ կարգապահական տույժի ենթարկվեին, իրականում  նրանք ռազմական ոստիկանություն են տարվել Նազարյանի մահվան դեպքի առնչությամբ:  Պաշտպաններ Հ. Գեւորգյանը եւ Ա. Ղասաբողլյանը միջնորդության մեջ նշել են, որ  զորամասի հրամանների գիրքը սկսվում է 2010թ. հուլիսի 27-ից (Նազարյանի մահվան օրվանից), այնտեղ գրառումները արվել են միայն սեւ  թանաք ունեցող գրիչով, իսկ ստորագրությունները` նույն գույնի թանաք ունեցող երկու  այլ գրիչներով:

Մեկուսացման գրությունների եւ ռազմական ոստիկանության գրանցամատյանի գրառումների ամսաթվերը  համընկնում են, սակայն նշված չեն զինծառայողներին մեկուսացնելու ժամերը: Զորամասի հրամանների գրքում մեկուսացման հրամանների գրառումներն արված  են զինծառայողների մեկուսացումից մեկ օր հետո` հուլիսի 28-ին: Այսինքն՝ ռազմական ոստիկանությունն  իրավունք չուներ զինծառայողներին կալանել զորամասի հրամանատարի հրամանից մեկ  օր առաջ: 5 զինծառայողներ կալանքի են ենթարկվել  կրկնակի:  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում սպիտակ թուղթը կպցրել է զորամասի հրամանների գրքին,  եւ թղթի վրա թանաքի դրոշմ է առաջացել, զորամասի  հրամանագրքի եւ զինծառայողների մեկուսացման գրություների  կազմման ժամանակի վերաբերյալ պաշտպանների մոտ   կասկածներ են առաջացրել, եւ այդ հարցը պարզելու համար անհրաժեշտ է  կատարել փորձաքննություն:

Դատավոր Ս. Մարդանյանը մերժեց միջնորդությունը` համարելով, որ այն քրեական գործի ծավալի հետ կապ չունի: Պաշտպան Գեւորգյանը  համոզված է, որ դա անմիջական կապ  ունի մեղադրանքի ծավալի հետ,քանի որ, միջնորդություն ներկայացրած պաշտպանների համոզմամբ՝ ռազմական ոստիկանությունում   ճնշման տակ գտնված զինվորների տված կեղծ  ցուցմունքները դրված են  իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Պաշտպան Հ. Գեւորգյանը դժգոհ  էր , որ դատավորը չի բավարարում  ներկայացված միջնորդությունները, նա  «Առավոտի» թղթակցի հետ զրույցում դատարանը  համարեց դատախազի խամաճիկը: Դատական նիստին ներկա չէին  ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպաններ Ազատ Շահբազյանը , Ալվարդ Մնացականյանը: Դատավորը նիստին  նրանց բացակայությունը համարեց անհարգելի: Ամբաստանյալ զինվորները միջնորդեցին առանց իրենց պաշտպանների նիստ  չանցկացնել,այն հետաձգել: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 27-ին:  Պաշտպան Հ. Գեւորգյանն այս առթիվ  դատարանում հայտարարեց. « Ես այդ օրը նախապես նշանակված դատական նիստ ունեմ, իմաստ չունի ձեզ հետ նիստի մասնակցելը, բայց հույս ունեմ, որ այդ նիստը չի կայանալու»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930