ՀՅ Դաշնակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ:
Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատների» կողմից` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը:
«Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարեւորվեց, գործընթացները քաղաքական շրջանակներում պահելու եւ կառուցողական դաշտ բերելու առումով, նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական քաղաքական պլատֆորմ ձեւավորելու անհրաժեշտությունը: Միաժամանակ արձանագրվեց, որ, օրակարգային հարցերի հետ կապված, կողմերը չունեն անհաղթահարելի տարաձայնություններ, եւ որ արձանագրված ընդհանրությունները լավ հիմք են հետագա համագործակցության համար»,- հայտնեց Արսեն Համբարձումյանը:
Վաղը սպասվում է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: