Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանին հորդորում էին իր որդուն ուղարկել հավաքարար աշխատելու (տեսանյութ)

Նոյեմբեր 21,2012 18:00

«Գալուստ Սահակյանը աշխատանքի տեղ է առաջարկում՝ հավաքարար, որ մարդիկ փող աշխատեն: Իրա 2 տղային էլ կարող է ուղարկենք՝ հավաքարար աշխատելու: Եթե աշխատանք չկա, թող իրա տղային ուղարկի հավաքարար աշխատելու, ես իր տղայի տեղը կաշխատեմ»,- այսօր ԱԺ-ի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից եւ նրա որդուց բողոքեցին:

Նրանց բարկացրել էր հատկապես Գալուստ Սահակյանի այն միտքը, որ ընտանիքը պահելու համար հավաքարարը թող մի քանի փողոց ավել մաքրի:

Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Արտաշես Սարդարյանի խոսքերով՝ «Գալուստ Սահակյանը ծերակույտի անդամ է: Գալուստ Սահակյանը որ իր գործը թողնի՝ աշխատատեղ կբացվի: Նույնն էլ Շարմազանովը: Ալավերդիում քաղաքապետ չկարողացավ ընտրվել, եկել է Հայաստանի ղեկավար անձանց մեջ է մտել: Նրա տեղը այստեղ չի: Նա ոչ մի հանրօգուտ աշխատանք հայ ազգի համար չի արել եւ այսօր հայ ազգի աշխատատեղը գրավելու իրավունք չունի: Բազե է, սեւ բազեների բանով պետք է գնա իրա բազեությունն անի,ոչ թե հայ ազգի համար բազե դառնա: Բազեից ոչ մի կենդանի օգուտ չի տեսել, նույնիսկ՝ Շարմազանովը: Ազգային ժողովը նրա տեղը չի»:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ դժգոհեց Արման Սահակյանի թիկնապահներից. «Հլա էդ ի՞նչ պաշտոն ունի տղեն, որ թիկնապահով էլ ման է գալիս: Դեմիրճյանը որ Դեմիրճյան էր, ազատ քաղաքում ման էր գալիս: Իսկ իրենք ինչքան կեղտ են, մարդասպան են, գռփող են, հանրապետություն ծախող են, որ թիկնապահներով են ման գալիս քաղաքում: Ամոթ է ասել, բայց երեւի տուալետ էլ են թիկնապահներով գնում»:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ արտահերթ նիստին քվորում չապահովելով՝ Հանրապետականները ապացուցեցին, որ իրենք բոլորը աթոռի համար են պայքարում: Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրվում, որ փոքրաթիվ մասնակիցներով են ակցիա անում՝ պատասխանեցին. «Դա բացատրվում է նրանով, որ ազգը հուսահատ է, ազգի մեծ մասն արտագաղթել է, եւ մարդիկ այսօր հնարավորույթուն էլ չունեն, որ թեկուզ տրանսպորտով գան այստեղ: Կարող ենք քայլել ու ժողովրդից հարցնել՝ ոչ մեկը չի ցանկանում, որ դրանց տենա վերնախավում: Ոչ մեկը: Պարտադիր չի, որ այստեղ հավաքված լինեն: Նրանց ձայն չեն տալիս, բոլոր ձայները խլված են»:
Ըստ նրանց, միջազգային կազմակերպություններին ցույց տալու համար է, որ ՀԱԿ«-ին տվել են 7 տոկոս. «Ինչքան ձայն պետք էր՝ տվեցին: Ժառանգությանը, Դաշնակցությանը 5 տոկոս են տվել, որ ԱԺ մտնեն ու Եվրոպայի աչքին փոշի փչեն»:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ եկել են ԱԺ-ի մոտ՝ պահանջելու արդար ընտրություններ: Մեր դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ ամեն ինչ արդար է լինելու՝ նրանք պատասխանեցին. «Խոստանալը շատ քիչ է: 20 տարի է՝ խոստանում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930