ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին չի զարմացնում. «Հնարավոր է առաջադրվի, կուսակցության առաջնորդն է, առաջադրվելու առումով խնդիր չեմ տեսնում: Համենայնդեպս նրա հարցազրույցից տպավորություն ստացա, որ առաջադրվելու մտադրություն ունի»:
Հիշեցնենք, որ պարոն Ծառուկյանը Zham.am-ին ասել էր, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ինքն արդեն որոշում ունի:
Այլ քաղաքական ուժեր կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին , պարոն Մարտիրոսյանը դժվարացավ կանխատեսել. «Ցանկացած պարագայում համախմբման համար կան որոշակի օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համաձայնության գալ: Այլ քաղաքական ուժերից պետք է հարցնել, ես կարող եմ «Ժառանգության» վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Ցանկացած քաղաքական թեկնածու , ակտիվ դերակատարություն ունեցող գործիչ լուրջ մրցակից է լինելու ընտրություններում: Ես ընտրությունները կանխորոշված չեմ համարում, ցանկացած պարագայում յուրաքանչյուր ընտրությանը պայքարի հնարավորություն կա: Բոլոր թեկնածուների հաղթանակն էլ իրատեսական եմ համարում, առավել հավանական եմ համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու մեծ հնարավորություն ունի: Ամեն ինչ կախված է՝ ինչպիսի ընտրություններ են անցկացվելու, ինչքանով կկիրառվեն ադմինիստրատիվ ռեսուրսները՝ ընտրակաշառք, ուռճացված ընտրացուցակներ: Չեմ ցանկանում ԲՀԿ-ի հետ կապված այլ մեկնաբանություններ անել, իրենց հարցրեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ