Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում ծառայելը շատ կարևոր է բոլորի ու հատկապես տղաների համար». Աղջիկ դիպուկահարի համոզմունքը

Նոյեմբեր 21,2012 17:14

21-ամյա Անժելիկա Մուրադյանն այն համարձակ աղջիկներից է, ով իր ձեռքն է վերցրել զենքն ու ծառայել Հայաստանի Հանրապետությանը: 20 տարեկան էր, երբ որոշեց դառնալ դիպուկահար և ծառայության անցավ հայոց բանակում, սակայն ծառայելու ցանկություն դեռ մանկուց է ունեցել. «Ցանկությունն իմ մեջ ծնվեց, երբ պապս սկսեց պատմել Արևմտյան Հայաստանի, Արցախի մասին, և իմ մեջ փոքրուց հասունացավ այն միտքը, որ խաղաղ կյանքի միակ հիմքը հայրենիքի պաշտմանությունն է, – ասում է Անժելիկան, – քանի որ հայոց բանակի հետ կապված շատ հարցեր կային իմ մեջ, ինքս գնացի, հասա բանակ ու բախտն ինձ ժպտաց, իմացա, որ ընդունելություն կա, ամեն գնով փորձեցի մասնակցել ու բարեբախտաբար ընդունվեցի»: Թեև շատ էր ոգևորվել ընդունելության կապակցությամբ, բայց ստիպված եղավ ժամանակավորապես թողնել ծառայությունը՝ ուսումը հաջող ավարտելու նպատակով. «Յուրաքանչյուր մարդ, ով ծառայում է բանակում, նախ և առաջ պետք է կրթված լինի, ինչպես նաև պետք է ծանոթ լինի իր պատմությանը, ինքս իմ առջև էլ էի նույն խնդիրը դրել, դրա համար ընդունվեցի Հյուսիսային համալսարան՝ լրագրության բաժին, լրագրությանն էլ ծանոթանալով` որոշեցի ավարտելուց հետո զբաղվել ռազմական լրագրությամբ», – ասում է Անժելիկան: Ընկերները հպարտանում են նրանով, ընկերուհիներն էլ ցանկություն են հայտնում նրա նման ծառայել բանակում, ծնողներն էլ դեմ չեն եղել աղջկա որոշմանը, միայն մայրն էր փոքր -ինչ երկմտում, բայց ինչպես Անժելիկան է ասում, դա չէր կարող խոչընդոտ լինել իր համար: Հայրը միշտ քաջալերում էր աղջկան, նույնիսկ մի անգամ, երբ Անժելիկան նրան ասել է, որ ուզում է ծառայել բանակում, որ թեկուզ չնչին չափով, բայց օգտակար լինել հայրենիքին, հայրը պատասխանել է՝ դուխով գնա: Գուցե սրանից է, որ թե’ բանակում, և թե կյանքում Անժելիկան վախ չի ունեցել: «Երբևէ չեմ վախեցել, միանշանակ հստակ էր իմ որոշումը, – ասում է նա, – ծնողներիս միակ երեխան եմ ու նրանց համար և՛ տղա եմ, և՛ աղջիկ, միշտ էլ համարձակ եմ եղել ամեն հարցում»: Կարծում է` դա է պատճառը, որ մայրն ամեն առավոտ աղջկան ասում է՝ զգույշ կլինես, չմոռանաս, որ դու մեր միակ երեխան ես: Անմոռանալի օրեր շատ են եղել, որոնցից մեկն էլ ծննդյան օրն էր. 21 տարեկանը բոլորեց զորամասում. «Հրամանատարս ինձ անակնկալ մատուցեց, ասաց, որ տագնապ է լինելու, պետք է մնանք, և գիշերը ժամը 12-ին աչքերս փակ ինձ տարան հրամանատարի սենյակ ու երբ բացեցի՝ տեսա, որ մոմեր են վառված ու հիանալի սեղան է գցված ինձ համար» – պատմում է Անժելիկան, հետո նաև պատմում իր զգացումներից. «Ամեն անգամ հիշելով այն, թե ինչ է կատարվել հայերիս հետ, ինչպիսի փորձությունների միջով ենք անցել, ես մեծ ցավ եմ ապրում, և այն, որ ես այսօր ապրում եմ խաղաղ պայմաններում մեր պապերի թափած արյան շնորհիվ է»: Հաղթնակի հասնելու ամենակարևոր պայմանն էլ կարծում է՝ համախմբումն է, և շարունակում միտքը Վազգեն Սարգսյանի խոսքով. «Համախմբվելու համար պետք է նախ և առաջ վերացնել տարբեր բնույթի կուսակցությւոնները, որոնք ազգիս բաժան-բաժան են անում»: Այս գաղափարներով Անժելիկան փորձում է «վարակել» նաև ընկերներին ու իր շրջապատում գտնվող մարդկանց, տղաներին էլ հավատացնում է՝ բանակում ծառայելը շատ կարևոր է բոլորի ու հատկապես տղաների համար:

Զրույցից մեծ բավականություն ստացած՝ Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930