Հինգ տարի հանրակրթական դպրոց հաճախելուց` հետո նոր դպրոց տեղափոխվելով միայն Աննան սկսեց սովորել մասնիկներ գրել, տառերը կապակցել իրար, թվերը գումարել ու հանել:
Աննան մտավոր հետամնացության խնդիրներ ունի եւ նրա մայրը նշում է, որ նախկին դպրոցում երեխան անընդհատ բախվել է անհանդուրժողականության, նույնիսկ վիրավորանքների արժանացել ուսուցիչների կողմից:
«Ոչ մի ուշադրություն, ոչ մի բան, անիմաստ ներվայնանում էր երեխան էդ դպրոցում: Գրել, կարդալ անգամ չի սովորել: Իսկ մաթեմատիկայի ուսուցչուհին մի անգամ նույնիսկ շատ խիստ վիրավորել էր երեխային: Դե երեխան խնդիր ուներ, ագրեսիայից տետրը պատռել էր, ուսուցչուհին էլ ասել էր` зачем эту дуру привозят, эту идиотку »,-պատմում է Աննայի մայրը՝ Մարինե Մելիքյանը:
Սեպտեմբերին, ներառական կրթություն իրականացնող Երեւանի թիվ 100 հատուկ դպրոցում «նոր կյանք» սկսելով, Աննայի մայրն ասում է, որ «երեխայի տրամադրվածությունը ուսման եւ կյանքի հանդեպ լիովին փոխվեց»:
«Նոր դպրոցում շատ լավ է, քիչ-քիչ ադապտացվում է երեխան, եւ մանկավարժներն են լավը եւ երեխաները: Ես շատ գոհ եմ: Ուղղակի ափսոսում ենք, որ հինգ տարի ուշացած եկանք այստեղ»,-ասում է Մարինե Մելիքյանը:
Երեւանի թիվ 100 հատուկ դպրոցը 2002-ից ներառական կրթություն է իրականացնում: Աննայի համադասարանցի Լիաննա Գրիգորյանը, ով էպիլեպսիա ունի, ներառական կրթությամբ դպրոցում է առաջին դասարանից:
Լիաննայի մայրը առավոտյան աղջկա հետ դպրոց է գալիս եւ համբերատար սպասում մինչ դասերի ավարտը:
«Ես առաջին երեք տարին դասաերին նստել եմ երեխայիս հետ, հիմա տեսնում եմ, որ փոփոխությունը մեծ է: Արդեն երկրորդ տարին է՝ իմ երեխան մենակ է դասերին նստում ու մեծ ուրախությամբ է գալիս դպրոց: Ես շատ գոհ եմ, որովհետեւ մեծ հաջողությունների ենք հասել: Այստեղ մեր երեխաները այդ անլիարժեքությունը չեն զգում, ինչ սովորական դպրոցներում»,-ասում է 6-րդ դասարանում սովորող Լիաննայի մայրը՝ Վարդուհի Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ