Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի ծառայություն և բարի վերադարձ

Նոյեմբեր 21,2012 17:05

Մեկնարկեց աշնանային զորակոչը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  դեռ զորակոչի նախօրեին վստահեցրեց, որ ինքը «հետևել և հետևելու է,  որ զորակոչն անցնի բնականոն հունով, և որևէ խախտում չլինի»: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նախարարը նշեց նաև, որ այս զորակոչին արդեն որոշ փոփոխություններ են իրականացվել. «Նախևառաջ՝ բարձրացնելու ենք նախազորակոչային միջոցառումների իրականացման մակարդակը, դա կցագրումն է և 16 տարեկանից սկսած՝ հետևելը տղաների առողջությանը: Ծնողները պետք է հետևեն և փորձեն բուժել երեխաներին 16-18 տարեկանում»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծեց, որ  բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների դերակատարությունը. այժմ զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովներն են որոշում տարկետման իրավունքը: «Սա հաջորդ զորակոչերի ավելի արդար անցկացման համար հիմք է լինելու: Նախորդ զորակոչերի արդյունքում բազմաթիվ վատ երևույթներ ենք բացահայտել, եղել են պաշտոնանկություններ այն անձանց, ովքեր իրենց գործառույթը չգիտեն, և մեր գաղափարական գործընկերները չեն»:

Ակնհայտ է որ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զորակոչն անցնի անթերի և թափանցիկ, վերահսկված: Սակայն որքան էլ բանակը ցանկանա, եթե չլինի նաև հասարակության և տեղական կառավարման մարմիների աջակցությունը, անթերի զորակոչ կազմակերպելը վերածվում է բարդ,  անվստահության շղարշով պարուրված միջոցառման, և դեռ հնուց եկած բարքերը ծնողներին «ստիպում են» «լավ զորամաս փնտրել» և այլն:

Համապետական կարևոր այս միջոցառման իրականացումը, լայն զանգվածների աջակցության և, ինչու չէ նաև վերահսկման կարիք ունի, քանզի զորակոչի ողջ պատասխանատվությունը թողնել բանակի ուսերին և անհարգի քննադատել պաշտպանական գերատեսչությանը, բանակ զորակոչված յուրաքանչյուր հիվանդ զինվորի համար` բարոյական չէ:

Բանակին աջակցելու, զորակոչը հստակ կազմակերպելու ավանդույթ է ձևավորվել, օրինակ, Արմավիրում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ:

Օրերս էլ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը ասվածի վկայություն է: Հանդիսությանը հրավիրված  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով նորակոչիկներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով, կարևորեց նաև զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Ակնհայտ է, որ բանակ մեկնող նորակոչիկի հիշողության մեջ միշտ հիշվելու է տոնական այս գեղեցիկ միջոցառումը և, բնական է, հենց առաջին օրվանից փոխվելու է վերաբերմունքը  բանակի և ընդհանրապես ծառայության վերաբերյալ:

Մարզպետը նաև հոգացել էր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու խնդիրները: Հավելենք նաև, որ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում են  նաև բանակում ծառայող թե՛ զինվորների, և թե՛ նրանց ծնողների խնդիրները: Բազմիցս կազմակերպել են  ծնողների այցեր զորամասեր,  իսկ միջոցառման ժամանակ Արմավիրի մարզից զինծառայության զորակոչված և զինված ուժերում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների հանձնվել է  հրամանատարության անձնակազմի շնորհակալական նամակները:

Ցանկացած ծնողի համար իրոք հպարտություն է, որ հիշվում և մեծարվում է, արժանանում է հանրության գովասանքին: Հետագայում այլևս անվստահության, ասեկոսեների, կասկածամտության և վախի զգացումով չէ, որ իրենց որդիներին կճանապարհեն ծառայության:

Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե ցանկացած գյուղական համայնք, քաղաքատիպ ավան, մարզպետարան նման գեղեցիկ միջոցառումներով աջակցեն զորակոչի ընթացքին, բնական է, որ զորակոչը կընթանա հավուր պատշաճի:

Ասվածի վկայությունն են «Սարդարապատի» միջոցառմանը մասնակցող տիկին Անահիտի խոսքերը. «Գոհ եմ ջերմ ընդունելությունից, անցած տարի էլ պարոն Ղահրամանյանը նման միջոցառում կազմակերպեց այստեղ, ես մյուս տղայիս էի բանակ ուղարկում, էս տարի էլ, ամեն կերպ օգնում ա մեզ, զինվորի կողքին ա, առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթ ա տվել տղաներին»,- ասաց նա: Տիկին Անահիտը երկրորդ որդուն է բանակ ուղարկում, թեև մի փոքր հուզված է, սակայն հպարտությամբ համոզմունք հայտնեց, որ իր այս որդին էլ ծառայությունից կվերադառնա կոփված և հոգեպես հասունացած, ինչպես ավագ որդին` Արթուրը:

Հաջորդ զրուցակիցս` երիտասարդ մի տղա, հանկարծակի հայտնվեց իմ առաջ և ոգևորությամբ ասաց. «Ինձ հետ էլ զրուցեք», երբ փորձեցի պարզել` ինչո՞ւ հենց իր հետ, ասաց, որ ինքը նույնպես զորակոչիկ է. «Անունս Գեղամ ա, լավ հիշեք, որ հետո իմ մասին նյութ եք գրելու, ես ինձ հլը ցույց կտամ բանակում»: Արմավիրցի Գեղամն էլ էր հախուռն ոգևորությամբ բանակ գնում, ասաց` ուզում է հետախույզ դառնալ, հինգ մատի պես գիտի զինվորական կանոնագիրքը: Այս օրվան շատ է սպասել: Երբ ցանկացա ազգանունը ճշտել, չհայտնեց. «Անունս էլ ա հերիք»,- ասաց ու նստեց զինվորական մեքենան:

Բարձր տրամադրությունը թևածում էր հուշահամալիրի ողջ տարածքում: Արմավիրում տոն էր. գոհ էին և՛ ծնողները, և՛ զորակոչիկները:

Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը կարմատավորվի նաև մյուս համայնքներում:

 Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930