Հայաստանյան հեռուստաընկերությունների մատուցած արտադրանքից այսօր «Ելակետ» ակումբում խոսեցին ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, հաղորդավար Կարեն Քոչարյանը և հաղորդավարուհի, դերասան Զառա Արամյանը:
«Հեռուստատեսությունները միայն չար լուրեր են փոխանցում ժողովրդին, բայց մատուցելու ձեւ գոյություն ունի: Առանց այդ էլ նեգատիվը շատ է, եւ պետք չէ նաեւ եթերից պրոպագանդել դա: Խնդիրը հեռուստատեսության կոլեկտիվից է գալիս. այսօր մի ստեղծագործական խմբում մարդիկ իրար չեն ճանաչում»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Հրանտ Մովսիսյանը նշեց, որ հեռուստատեսությունների ստեղծագործական խմբերում գոյություն չունեն սցենարիստ եւ հեռուստառեժիսոր հասկացությունները. «Կան հեռուստաընկերություններ, որոնք պահանջարկ չունեն, այդ պատճառով մեկը մի քանի գործ է անում, ասենք` օպերատորը սկսում է սերիալ նկարել, որովհետեւ փողի խնդիր կա: Մինչդեռ առանց ձեւավորված թիմի` հեռուստատեսությունը որպես այդպիսին գոյություն չունի: Մեր փոքր երկիրը փոքր գովազդային շուկա ունի, եւ չպետք է այդ պայմաններում 15-20 հեռուստատեսություն ունենալ. բոլորի ցույց տվածը կրկնություն է»:
Կարդացեք նաև
Ռեժիսորի խոսքով. «Պետք չէ ասել, թե մարդիկ ինչ ուզում են, այդ էլ հեռուստաեթերից մատուցում են: Չի կարելի փողոցում գյուղացու պես գոռալ եւ ասել, թե սերիալում այդպես է»:
Զառա Արամյանն ասաց, որ հեռուստաեթերը քննադատելու փոխարեն աշխատում է ինքն իր վրա. «Նախկինում, երբ հեռուստահաղորդում էինք պատրաստում, հետեւում էինք ավագ եւ փորձառու գործընկերներին` նրանց հավանությանը կամ քննադատությանն արժանանալու համար: Այսօր առաջնային խնդիրը հայերենը մաքուր պահելն է: Անգամ կենցաղային դրվագներում խաղալիս աշխատում եմ մաքուր հայերեն գործածել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ