Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայանտառի» ղեկավար. «Ապօրինի անտառհատումը բնական երեւույթ է»

Նոյեմբեր 21,2012 16:07

«Գազի գնի թանկացումը կարող է եւ պետք է բերի վառելափայտի պահանջարկի ավելացման, եւ եթե պահանջարկը մեծացավ, եւ եթե չկարողանանք օրինական ճանապարհով ապահովել, բնականաբար, ապօրինի հատումներ կլինեն: Մենք պետք է կանոնակարգված ձեւով օրինական վառելափայտով ապահովենք»-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը `պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ գազի թանկացման պատճառով մարդիկ կանցնեն վառելափայտին, ինչի արդյունքում ապօրինի անտառհատումների ծավալը կավելանա:

Պարոն Մաթեւոսյանի խոսքերով` ապօրինի անտառհատումները պարզ հանցագործության տեսակ են, որոնք իսպառ չեն վերանա, պետք է ուղղակի նվազեցնել ծավալը. «Նույն կերպ կարելի է ասել` կգա՞ժամանակ, որ վարորդները խախտում չանեն ճանապարհներին»:

Այս տարվա մարտ ամսին գլխավոր անտառապետը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ապօրինի հատումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է անտառապահների լիազորությունները մեծացնել` անտառապահը պետք է «ռեյնջեր» դառնա: Մեր այն հարցին թե ինչ փուլում է այս գաղափարի իրականացումը, պարոն Մաթեւոսյանն ասաց. «Աշխարհում չկա անտառի պահակ, կա անտառի տեսուչ եւ մեր անտառային օրենսդրությամբ նախատեսված են դրույթներ` անտառային ծառայողը կլինի անտառապահ տեսուչ, ակտ կկազմի եւ այլն: Հայերեն «ռեյնջեր» չենք ասի, բայց կլինեն անտառային տեսուչներ: Օրինակ` անտառապահը իրավունք չունի ապօրինի հատումները մայրուղիների վրա վերահսկելու»:

Ըստ «Հայանտառի» ղեկավարի, ամբողջ աշխարհում ընդունված է, որ ապօրինի հատումների դեմ պայքարը պետք է սկսել իրացման շուկաներից եւ ճանապարհներից, որտեղով տեղափոխում են փայտանյութը:

«Ապօրինի հատումները անտառային համակարգին մշտապես ուղեկցող երեւույթ է, ապօրինի հատումները բնական բան է, Հայաստանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, ապօրինի անտառօգտագործումները կան նաեւ զարգացած երկրներում»,-ասաց պարոն Մաթեւոսյանը:

Նրա ներկայացմամբ` այս տարվա տվյալներով` ոստիկանությունում արձանագրվել է 1016 ապօրինի հատված ծառ: Ապօրինի անտառհատումները հիմնականում, ըստ Մ. Մաթեւոսյանի, անտառներին հարակից բնակավայրերի գյուղացիներն են կատարում: Մեր այն հարցին, բացահայտվե՞լ են դեպքեր, երբ ապօրինի հատողները ոչ գյուղացիներ են եղել, պարոն Մաթեւոսյանն ասաց. «Բազմաթիվ քրեական գործեր կան, որ ապօրինի հատողները եղել են փայտանյութի վաճառքով զբաղվողները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930