Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար. «Կարեւոր չէ` սիրիահայերին աշխատանքը դուր կգա՞ թե` ոչ, տեղավորեք»

Նոյեմբեր 21,2012 15:56

Այսօր «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում մի քանի տասնյակ սիրիահայեր էին հավաքվել, որպեսզի պարզեն, թե կառավարությունը ինչ աշխատանքով կարող է իրենց ապահովել: Սիրիահայերի հետ հանդիպման էին եկել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես նաեւ տասնյակ գործարարներ, որոնք տարբեր աշխատանքներ առաջարկեցին:

Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը կոչ արեց բոլոր հայ գործարարներին ավելի հայրենասեր լինել եւ առաջնահերթ աշխատանքի տեղավորել Սիրիայից ժամանած հայերին. «Ամեն մեկդ գոնե մեկ սիրիահայի պիտի աշխատանքի տեղավորեք, դա մեր պարտքն է: Կարեւոր չի, թե էդ աշխատանքը դուր կգա նրանց, թե չէ: Մեր նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով օգտակար լինել սիրիահայերին: Մարդ գոնե ձեռքին մի կոպեկ փող պիտի ունենա օրվա հացի եւ մնացած կարիքների համար»:

Նախարարը նաեւ խոստացավ, որ կառավարությունը կանի ամեն ինչ՝ սիրիահայերին հարկերից եւ ավելորդ քաշքշուկներից ազատելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Հալեպից եկած Մխիթարյաններ ամուսիններն ասացին, որ կինը Սիրիայում դպրոցում է աշխատել, սակայն, կարծում է` չի կարողանա երեւանյան դպրոցներից մեկում աշխատանք գտնել: Սիրիահայ 49 ամյա Թորոս Թորոսյանն էլ ասաց, որ ինքը մեխանիկ է եւ դժգոհեց, որ Հայաստանում աշխատանք չի կարողանում գտնել իր տարիքի պատճառով: Սփյուռքի նախարարն էլ հայ գործարարներին հորդորեց հաշվի չառնել պարոն Թորոսյանի տարիքը: «Շակս» գրուպ-ի տնօրենն էլ Թ. Թորոսյանին աշխատանքի հրավիրեց իրենց ընկերություն: Մեզ հետ զրույցում սիրիահայն ասաց, որ իրեն առաջարկել են գնալ, տեղում ծանոթանալ աշխատանքի ու պայմանների հետ եւ եթե իրեն դուր գա աշխատանքը`կընդունվի:

Սիրիահայերից մեկն էլ նույնիսկ հորդորեց մեր կառավարությանը, որ պետք չէ սիրիահայերին վերաբերվել, ինչպես ցունամիից մազապուրծ եղած մարդկանց: Սիրիահայերի մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մնալու կամ օրվա հացը վաստակելու խնդիր չունեն, իսկ նրանց ուղղակի պետք է բարենպաստ պայմաններ՝ իրենց սեփական բիզնեսը Հայաստանում սկսելու համար:

ՓՄՁ զարգացման գործակալության ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ սիրիահայերին կարող են իրենց բիզնեսը սկսելու համար 20 միլիոն դրամի վարկ առաջարկել, որից 15 միլիոնը պետության երաշխավորմամբ, իսկ մնացածի համար սկսնակ գործարարը պետք է ինքը երաշխիք տրամադրի:

«ԱնիՀաս» ընկերության ներկայացուցիչն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է անվճար հիմունքներով 160 քմ տարածքով չաշխատող ճաշարան տրամադրել ինչ-որ սիրիահայ գործարարի եւ կից տարածք՝ բնակվելու համար: Մեր այն հարցին, թե արդյոք տվյալ ճաշարանում բնակվելու պայմաններ կա՞ն, ընկերության ներկայացուցիչն ասաց. «Տարածքը նախկինում էլ է օգտագործվել, ինձ չի թվում, թե մեծ ջանքեր կպահանջվեն ճաշարանի տարածքը նպատակին ծառայեցնելու համար»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930