ԱԺ արտահերթ նիստին ժամը 3-ին էլ քվորում չեղավ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաշվեց, որ դահլիճում կա ընդամենը 10 պատգամավոր:
Իսկ ԱԺ մուտքի մոտ՝ Բաղրամյան փողոցում շարունակվում է ՀԱԿ-ի հրավիրած բողոքի ակցիան: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքերով՝ մի քանի տարբերակներ կան, թե ինչ պետք է անեն հիմա. «Մասնավորապես, այս պահին Դաշակցությունն առաջարկում է դիմել էթիկայի հանձնաժողով, որովհետեւ կանոնակարգ օրենքն ասում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին: Եթե չի մասնակցում, ուրեմն նրա հայտարարությունը անհարգելի է: Եթե ամբողջ խմբակցությունը չի մասնակցում, ուրեմն բոյկոտում է ԱԺ աշխատանքները: ԱԺ նախագահը կամ նրա տեղակալները պարտավոր են կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, աշխատանքը: Այս կանոնակարգի այս կետն էլ է խախտված: Նրանք ոչ միայն չեն կազմակերպում ԱԺ բնականոն աշխատանքները, այլեւ հայտարարություններով բոյկոտում են դրանք: Քննարկման է դրված նաեւ այսպիսի հարց: Սահմանադրությունն ասում է, որ փոքրամասնությունն իրավունք ունի արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու՝ 44 ստորագրությամբ եւ ԱԺ-ն պարտավոր է նիստ անցկացնել՝ անկախ իր կամքից: Դա Սահմանադրության կետ է: Այստեղ մի փոքր վիճելի հարց կա, պետք է քննարկենք: Եթե եղավ հակասահմանադրական գործունեության պահ, ապա մենք կդիմենք Սահմանադրական դատարան: Բայց այս պահին մենք որոշում չունենք եւ իրավաբանական եզրակացություն չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ